«Նիկոլ Փաշինյանի մտքով չանցնի, որ կարող եմ ճնշման տակ ինչ-որ գործողություն կատարել». Վահրամ Բաղդասարյան
«Երեկ մենք խմբակցության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ ժամանակի սղության պատճառով մեր հարցերը մնացին կիսատ։ Դրանից հետո որոշում կայացրինք՝ երեկոյան ևս մեկ անգամ խմբակցության նիստ անցկացնել։ Մենք արել ենք ԳՄ նիստ, խմբակցության նիստ, և որոշում կայացրել, որ առավոտյան կլսենք Նիկոլ Փաշինյանի ծրագրային դրույթները, որից հետո մեր պատգամավորներն իրենց հարցերը կավարտեն։ Այդ հարցերն ավարտելուց հետո խմբակցությունն արդեն միասնական որոշում կկայացնի»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունը, նա ասաց. «Մենք չենք խոչընդտի նիստի կայացմանը և մեր բոլոր պատգամավորները ներկա կլինեն։ Նիստը կկայանա, որպեսզի մենք հնարավորություն ունենանք վարչապետի թեկնածուի ծրագրային դրույթները լսել և հարցեր ուղղել»։
Դիտարկմանը՝ նիստը չխոչընդոտել նաշանակում է միայն քվորո՞ւմ ապահովել, նա այսպես արձագանքեց. «Իսկ ի՞նչ եք կարծում՝ ես միայնա՞կ պետք է որոշեմ. ես իրավունք չունեմ որոշումներ կայացնելու, որոշումը պետք է կայացնի խմբակցությունը»։
Բաղդասարյանն ասաց, որ այն պատգամավորները, ովքեր հասցրել են հարցեր հղել Փաշինյանին, խոսել են իրենց տարամադրությունների մասին, իսկ մյուսները՝ այսօր.
«Երեկ մենք արել ենք փակ նիստ և նիստի ժամանակ հնչած արտահայտությունները կամ ելույթները ես իրավունք չունեմ հրապարակել»։
Լրագրողները հետարքրքվեցին՝ հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ։ «Ես չեմ կարող նման հայտարարություններ անել։ Հայաստանը պարտադիր պետք է ունենա վարչապետ։ Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում»,- պարզաբանեց նա։
Ճշտող հարցին՝ երբ ասում էր, որ չեն տապալելու նիստը, արդյո՞ք չի նշանակում, որ վարչապետն այսօր կընտրվի, նա այսպես պատասխանեց. «Ես խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք՝ ՀՀ-ն կունենան վարչապետ և մենք չենք խոչընդոտելու ընտրություններին։ Մենք չենք բոյկոտելու։ Երբ ասում եմ՝ չխոչընդոտել, միայն քվորման մասին եմ խոսում։ Երբ հարցերն ավարտվենք, մենք յուրաքանչյուրի կարծիքը կիմանանք և կորոշենք»։
Ինչ վերաբերում է իրենց անցակցրած նիստերին Սերժ Սարգսյանի մասնակցությանը, Բաղդասարյանը կրկնեց, որ երեկ երկու տարբեր նիստ են անցակցրել, ապա հավելեց, որ Սերժ Սարգսյանը դեռ կուսակցության ղեկավարն է և ԳՄ նիստը վարել է նա։
Բաղդասարյանն, այնուամենայնիվ, չհստակեցրեց՝ ՀՀ վարչապետն այսօր կընտրվի՞, թե՞ ոչ, միայն ասաց, որ սահմանադրական ժամկետում Հայաստանը կունենա վարչապետ.
«Եթե այսօր չի լինում, 7-օրյա ժամկետում պետք է ունենանք նորից ընտրություններ։ Մենք հայտարարել ենք, որ սեփական թեկնածուով հանդես չենք գա և մենք մեր խոստումը պահում ենք։ Քաղաքական զարգացումներն արագ են լինում։ Մենք թեկնածու առաջադրելու որոշում չունենք, բայց ամեն ինչ կախված է քաղաքական զարգացումներից»։
Նա ընդգծեց. «Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ կարող է ճնշման տակ որևէ գործողություն կատարել։ Ընդդիմության և իմ հարգարժան գործընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի մտքով չանցնի, որ կարող եմ ճնշման տակ ինչ-որ գործողություն կատարել։ Մեր սերունդն ապրում է այս երկրում և պետք է մտածենք մեր ապագայի մասին»։
Լրագրողի դիտարկմանը՝ այս ամենը ճնշման արդյունք էր, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա այսպես արձագանքեց. «Այսինքն՝ դա խոհեմության և իմաստության արդյունք էր, երբ ապրիլի 24-ից առաջ ժողովրդի մի մասը դուրս է գալիս և սկսում է նմանատիպ ակցիաներ կատարել, այդտեղ երկու տարբերակ կա՝ կամ պետք է գնաս բախումների, կամ պետք է ինչ-որ քայլեր կատարես։ Դա անձի խնդիր էր, անձն ինքը հրաժարվեց, բայց երկրի ճակատագիրը չի կարելի կապել նման տիպի ցույցերի, միտինգների և ճնշման հետ»։
Բաղդասարյանը նաև հավելեց, որ արտահերթ ընտրությունները չեն կարող որևէ դրական ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա. «Եթե լիներ դրա անհրաժեշտությունը, ապա 2017թ. մենք որևէ բողոքարկում կնկատեինք։ Ընտրությունները չեն պատճառը, որ հանրությունը փողոց դուրս գա․ կան դժգոհություններ»։
Նա նաև ասաց, որ ճիշտ չի համարի, երբ մեծամասնությունը որոշի ազատ քվեարկել. «Որոշումը պետք է լինի միասնական։ Եթե լինեն առանձին քվեարկողներ, դրա մասին կխոսենք ավելի ուշ»։