
«Մի արեք քայլեր, որոնք կարժանանան քրեական պատասխանատվության». Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտին խորհուրդ տվեց նրան քրեական պատասխանատվության արժանացող քայլեր չանել:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ հարցուպատասխանի ժամանակ արված հայտարարությանը, թե ինքը պատրաստ է ցանկացած՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության՝ հեղափոխությունն ավարտին հասցնելու համար, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Դուք ասացիք, որ պատրաստ եք ընդհուպ քրեական պատասխանատվության: Մի´արեք քայլեր, որոնք կարժանանան քրեական պատասխանատվության»:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նկատի է ունեցել հետևյալը. «Ցավոք սրտի, Հայաստանում հաճախ քաղաքական գործունեությունը բերում է քրեական հետապնդման»:
Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար հերթագրվել էր 11 պատգամավոր, բայց նրանք չհասցրին իրենց հարցերն ուղղել ՀՀ վարչապետի թեկնածուին: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ մյուսները հնարավորություն կունենան Նիկոլ Փաշինյանին իրենց հարցերն ուղղել վաղը: