Պուտինը և Մակրոնը հանդես են եկել Իրանի հետ միջուկային գործարքի անշեղ կատարման օգտին
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման եւ անշեղ կատարման օգտին: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Մակրոնը տեղեկացրել է ԱՄՆ իր այցի արդյունքների մասին՝ շեշտադրելով կայացած բանակցությունները իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ»,-ասված է հաղորդագրությման մեջ:
«Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն արտահայտվեցին Ծրագրի պահպանման եւ դրա անշեղ կատարման օգտին»,- հավելել են Կրեմլում: Ավելի վաղ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան ցանկանում է պահպանել 2015 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները եւ բանակցություններ սկսել երեք հավելյալ թեմաների շուրջ, որոնք վերաբերում են «2025 թվականից հետո Իրանի միջուկային գործունեության վերահսկողությանը, այդ երկրի բալիստիկ ծրագրին եւ կարեւորագույն տարածաշրջանային ճգնաժամերին»:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:
Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում էդուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: