
ԻՊ-ն ստանձնել է Քաբուլում իրականացված պայթյունների պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է ապրիլի 30-ին Քաբուլում իրականացված պայթյունների պատասխանատվությունը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 29, վիրավորվել՝ ավելի քան 40 մարդ: Այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունների զոհ է դարձել 25 մարդ, տուժել է շուրջ 50 հոգի: Ինչպես հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, գրոհը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ գտնվում են օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Աֆղանստանի հետախուզական գերատեսչությունը: Քաբուլում երկու պայթյուն է որոտացել երկուշաբթի առավոտյան: Ոստիկանության տվյալներով՝ առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որը եղել է մոտոցիկլետով:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել նույն շրջանում մոտավորապես 20 րոպե անց, երբ պատահարի վայր են ժամանել լրագրողները եւ շտապ օգնության ծառայությունները: Պայթուցիկ սարքը նույնպես գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը: Երկրորդ պայթյունի հետեւանքով, TOLOnews հեռուստաալիքի տվյալներով, զոհվել է յոթ լրագրող, այդ թվում՝ «Ֆրանսպրես» գործակալության լուսանկարիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: