«Պետական ողջ կառուցվածքը պետք է աշխատի համակարգված». Արմեն Սարգսյան
Հայաստանում ստեղծված իրադրության լուծման ուղղությամբ տարվող երկխոսության ընթացքում պետական մեխանիզմը չպետք է քանդվի: Այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Բժիշկը պետք է բուժի՝ անկախ նրանից գոհ է, թե ոչ, զինվորը պետք է ծառայի, ոստիկանը պետք է հետևի օրենքներին, դատավորը պետք է լինի իր դիրքերում, գիտնականը զբաղվի գիտությամբ, իսկ գործարարները՝ իրենց բիզնեսով: Ցանկացած քաղաքացի ունի սեփական կարծիքն արտահայտելու իրավունք: Սակայն պետականության կառուցվածքը, ողջ ապարատը, մեխանիզմը պետք է աշխատի համակարգված: Եվ այստեղ նախագահի խոսքը հստակ է»,- ասել է ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանը նշել է, որ թեպետ հայկական Սփյուռքը կենդանի օրգանիզմ է և կարող է իր կարծիքը հայտնել երկրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, սակայն խնդիրները երկրի ներսում են և այստեղ էլ պետք է կարգավորվեն:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանն ունի ապագա ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ նախագահն ասել է. «Չեմ ցանկանում գնահատականներ տալ, քանի որ նախագահի գործը չէ գնահատականներ տալ անհատներին: Իմ գործառույթն այն է, որ բերեմ ամեն բան կոնսենսուսի: Մեզ մոտ սպեկտրը շատ լայն է, ես հանդիպում եմ, պայմանականորեն ասած, ծայրահեղ ձախերից մինչև ծայրահեղ աջերի հետ: Իմ գործառույթն է՝ խոսելով, քննարկելով, երկխոսություն ունենալով տարբեր քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ, փորձել այս սպեկտրը հանգեցնել փոխըմբռնման, երկխոսության, բոլոր հնարավոր հարցերի ու հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման»:
Նա հիշեցրել է, որ հանդիպել է Փաշինյանի հետ, որի ընթացքում կառուցողական երկխոսություն են ունեցել: Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի հասնել կոնսենսուսի: