
Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը գերազանցել է 70 տոկոսը ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ հանդիպման ֆոնին. Yonhap

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը վերջին չորս ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 70 տոկոսը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ նրա հանդիպման ֆոնին:
Այդ մասին ապրիլի 30-ին հայտնել է Yonhap գործակալությունը: Նրա տվյալներով՝ հարցվածների 70 տոկոսը հայտարարել է, որ հավանություն է տալիս Մուն Չժե Ինի՝ որպես պետության ղեկավարի գործունեությանը, եւ այդ ցուցանիշը 2,2 տոկոսով բարձր է, քան մեկ շաբաթ առաջ: Նախագահի քաղաքականությանը հավանություն տվողների բաժինն ամենամեծն է հունվարի կեսերից ի վեր, երբ հարցվածների 70,6 տոկոսը գոհունակություն հայտնեց Մուն Չժե Ինի ղեկավարման կապակցությամբ:
Պետության ղեկավարի գործողություններին հավանություն չի տալիս հետազոտությանը մասնակցած մարդկանց 24,4 տոկոսը, ինչը 3 տոկոսով պակաս է մեկ շաբաթ առաջ ստացված արդյունքների համեմատությամբ:
Հարցումը ապրիլի 23-ից մինչեւ 27-ն անցկացվել է 2502 մարդկանց շրջանում: Ապրիլի 27-ին Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների միջեւ Փանմունջոմում կայացած բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որում կողմերը հայտարարել են, որ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները:
Նրանք հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու միջուկազերծումն է: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ապագայում Հարավային Կորեայի հետ իր երկրի միավորման հույս ունի: Իր հերթին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, թե երկրները պայմանավորվել են, որ իրենց միջեւ այլեւս պատերազմի չի լինի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: