Մեգան Ֆոքսը՝ ճամփորդությունների մասին նոր հեռուստահաղորդման համահեղինակ
Դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Ֆոքսը կդառնա ճամփորդությունների մասին նոր հեռուստահաղորդման համահեղինակն ու հաղորդավարը, որը ցուցադրվելու է Travel Channel ամերիկյան ալիքով: Այդ մասին հայտնել է Deadline-ը:
Mysteries and Myths with Megan Fox ծրագրում (Գաղտնիքներն ու առասպելները՝ Մեգան Ֆոքսի հետ) դերասանուհին մոլորակի տարբեր անկյուններում քողազերծելու է ժողովուրդների առասպելները, օրինակ, արդյոք գոյություն ունեցել են կին-ամազոնուհիներ եւ արդյոք եղել է Տրոյական պատերազմը: Բոլոր ուղեւորությունների ընթացքում հեռուստահաղորդավարուհուն ուղեկցելու են փորձագետներ եւ հնագետներ: Ֆոքսը խոստովանել է, որ վաղ մանկությունից կլանված է եղել հնագույն մշակույթների պատմությամբ:
Ֆոքսը համաշխարհային ճանաչում է ստացել՝ 2007 թվականին նկարահանվելով «Տրանսֆորմերներ» կինոնկարում, որտեղ մարմնավորել է Միքայելա Բեյնսին: 2008 թվականին նա կինոյի ծագող աստղի դերում է նկարահանվել «Ինչպես կորցնել ընկերներին եւ բոլորին ստիպել քեզ ատել» ֆիլմում: Ֆոքսը թղթակից Էյփրիլ Օ՛Նիլի դերով ներկայացել է 2014 թվականի «Նինձյա-կրիայիկները» ֆիլմում եւ նրա շարունակության՝ «Նինձյա-կրիայիկները 2» ժապավենում: Նրա մասնակցությամբ վերջին նախագծերից մեկը՝ «Նորեկը» կատակերգական սերիալը, տղամարդկանց ու կանանց հարաբերությունների մասին է: