ՊԵԿ-ն ընթացիկ ապրիլին անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ հավաքագրել է 12 միլիարդ դրամով ավելի եկամուտ
Պետեկամուտների կոմիտեն ապրիլին հավաքագրել է 130 միլիարդ դրամ եկամուտ, որով կատարողականը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գերազանցվել է շուրջ 12 միլիարդ դրամով:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանը: Նրա խոսքով՝ ապրիլին հարկային մարմինների կողմից հավաքագրվել է 108, մաքսային մարմինների կողմից՝ 22 միլիարդ դրամ եկամուտ: Հարկ վճարողների բանկային հաշիվներին ԱԱՀ ետվերադարձը կազմել է 10 միլիարդ դրամ, որով ապրիլին զուտ հավաքագրումը կազմել է 120 միլիարդ դրամ: «Այս արդյունքները, որոնք ապահովվել են, նախևառաջ հարկ վճարողների վարքագծի բարելավման հետևանք է, ՊԵԿ-ի կողմից դեռևս 2016-ի հոկտեմբերից սկսած ստվերի դեմ պայքարի համակարգային աշխատանքի արդյունք»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է հունվար-ապրիլին, ապա ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել է 418.5 միլիարդ դրամ եկամուտ, ետ վերադարձվել 29.3 միլիարդ՝ ԱԱՀ-ի տեսքով: Կարեն Բրուտյանի խոսքով՝ 2018 թվականի «Բյուջեի մասին» օրենքով հունվար-ապրիլին սահմանված զուտ եկամուտների ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 14.1 միլիարդ դրամով:
Պաշտոնյան հույս հայտնեց, որ այս միտումների պահպանման դեպքում ընթացիկ տարում բյուջետային եկամուտների ապահովման որևէ տիպի ռիսկ չի առաջանա:
Ներկայացված տվյալներն ապրիլի 27-ի դրությամբ են, քանի որ ամիսն ամփոփվում է այսօր: Մինչև օրվա վերջ մուտքերը լիովին կանխատեսելի են՝ ըստ Բրուտյանի:
2017 թվականի պետական բյուջե հավաքագրվել է 1 տրիլիոն 201.6 միլիարդ դրամ հարկային եկամուտ: 2016-ի համեմատ 2017-ին հարկային եկամուտներն աճել են շուրջ 124.7 միլիարդ դրամով կամ 11.6 տոկոսով: Պետական բյուջեից հարկ վճարողներին ԱԱՀ վերադարձը կազմել է 60 միլիարդ դրամ: