Մարտին Սկորսեզեն դարձել է արվեստի բնագավառում արքայադուստր Աստուրիացու մրցանակի դափնեկիր
Մարտին Սկորսեզեն դարձել է արվեստի բնագավառում իսպանական՝ արքայադուստր Աստուրիացու մրցանակի դափնեկիր: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այս որոշումը կայացրել է պարգեւի ժյուրին՝ նշելով 75-ամյա ռեժիսորի ստեղծագործական վաստակը։
Ժյուրիի կարծիքով՝ Սկորսեզեի կինոժապավեններն «արդեն կինոյի պատմության մի մասն են», ներկայում նա շարունակում է ստեղծագործական գործունեությունը՝ «իր աշխատանքում զուգակցելով վարպետությունը, նորաստեղծություններն ու դասականությունը»: Սկորսեզեն ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 17-ին Նյու Յորքում:
Նրա հաշվին կան տասնյակ ֆիլմեր: Ռեժիսորի ամենահաջող կինոնկարների թվում կարելի է առանձնացնել «Տաքսիստը» (Taxi Driver, 1976), «Ուրացողները» (The Departed, 2006), «Անիծյալների կղզին» (Shutter Island, 2009) եւ «Գայլն Ուոլ սթրիթից» (The Wolf of Wall Street, 2013):
Արքայադուստր Աստուրիացու մրցանակը հանձնվում է ութ անվանակարգերում՝ արվեստի, միջազգային կոոպերացիայի, հաղորդակցությունների եւ հումանիտար գիտությունների բնագավառներում, գրականություն անվանակարգում, սոցիալական գիտությունների բնագավառում, մարզական կատեգորիայում, տեխնիկական եւ գիտական հետազոտությունների անվանակարգում, ինչպես նաեւ «Խաղաղություն» կատեգորիայում: Մյուս յոթ դափնեկիրները կհայտարարվեն ընթացիկ ամսում ավելի ուշ:
Անցյալ տարի արվեստի բնագավառում մրցանակն ստացել է հարավաֆրիկացի նկարիչ եւ օպերային ռեժիսոր Ուիլյամ Քենթրիջը: Արքայադուստր Աստուրիացու մրցանակը հանձվում է ամեն տարի 1980 թվականից: Մինչեւ 2014 թվականը մրցանակը կրում էր արքայազն Աստուրիացու անունը, բայց Ֆիլիպ VI-ի գահ բարձրանալուց հետո այդ տիտղոսն անցել է նրա դուստր Լեոնորին: Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը կկայանա այս տարվա հոկտեմբերին Օվիեդո քաղաքում (Աստուրիայի ինքնավար մարզ):