Բաժիններ՝

ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ ընտրությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) դիմել է Թուրքիայի իշխանություններին և կոչ արել հետաձգել 2018-ի ամռանը նշանակված արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

ԵԽԽՎ-ն հատկապես շեշտել է այն հանգամանքը, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում անկողմնակալ, ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունների անցկացումն իրատեսական չէ:

Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս մասին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահն իր խոսում նշել է, թե 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:

Թուրքիայում 2017 թվականի ապրիլին իրականացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով երկիրն առաջիկա ընտրություններից հետո անցում էր կատարելու նախագահական կառավարման համակարգի: Ընտրությունների անցկացումը նախատեսված էր 2019 թվականի նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս