«Իմ անձնական կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ արդյունավետությամբ կարող է ղեկավարել Ազգային ժողովը». Հրանտ Թոխատյան

Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող 11-օրյա «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած եզրափակիչ հանրահավաքի ընթացքում «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ներքաղաքական վերադասավորումների իր տարբերակները, ըստ որի՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պետք է տեղի ունենա վարչապետի նոր թեկնածուի նշանակումը, կնշանակվի ժամանակավոր կառավարություն, որից հետո հնարավորինս արագ տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրությունները:

Առաջիկայում սպասվելիք ներքաղաքական զարգացումների մասին 168.am-ը զրուցել է դերասան Հրանտ Թոխատյանի հետ.

«Ես, երևի թե, մեր հանրապետության այն թերի քաղաքացիներից եմ, ով մինչև վերջ չի կարդացել նոր Սահմանադրությունը, այսինքն՝ այս իրավիճակում ես չգիտեմ, թե ինչ կարգ է սահմանում Սահմանադրությունը: Ես չգիտեմ՝ լինելո՞ւ են Ազգային ժողովի նոր ընտրություններ, թե՞ ոչ, կամ որքանո՞վ է դա այս իրավիճակում հնարավոր կամ անհնարին: Որքանով ես տեղյակ եմ՝ նոր վարչապետի թեկնածուն առաջադրվում է Ազգային ժողովում եղած բոլոր ֆրակցիաների կողմից առաջադրված թեկնածուներից մեկի օգտին տեղի ունեցած քվեարկությամբ:

Ես չգիտեմ՝ այս կարգը նո՞ւյնպես պետք է փոխվի, թե՞ ոչ: Եթե այս կարգը չփոխվի, հնարավոր է, որ մենք ունենանք խնդիր: Վերջիվերջո, եթե չեմ սխալվում, այսօրվա դրությամբ պառլամենտական մեծամասնությունը դեռ մնում է Հանրապետական կուսակցությունը: Բնականաբար, եթե իրենք առաջարկեն իրենց թեկնածուին, իրենք էլ կանցկացնեն, ինչպես դա եղավ ապրիլի 17-ին, որն իր հերթին՝ բերելու է դժգոհության նոր ալիքի: Ես կարծում եմ՝ այս տարիների ընթացքում այդ կուսակցությունն այնքան է իր անվան հետ խաղացել, որ հիմա նրանք ապագա վարչապետի ինչ թեկնածու էլ որ առաջարկեն, չի ընդունվելու: Այս պարագայում հնարավոր է, որ մենք կանգնենք փակուղու առաջ»:

Հ. Թոխատյանը նշում է՝ գիտի, որ արդեն վաղվանից վերսկսվելու են իշխանությունների հետ ընդհատված երկխոսությունները, որտեղ բանակցող կողմերն են լինելու առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը:

Հ. Թոխատյանը կարծում է, որ այդ երկխոսությանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն նաև պառլամենտական մնացյալ ֆրակցիաների ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը.

«Բնական է՝ չի կարող լինել այնպես, որպեսզի բոլոր կողմերը գոհ ու երջանիկ հեռանան երկխոսության սեղանից: Երկխոսությունը, նախ և առաջ, երկկողմանի փոխզիջումների մի պրոցես է: Ուրեմն այսքանով միասին ինչ-որ ընդհանուր հայտարարի պետք է գան, որպեսզի չխափանվի երկրի բնականոն ընթացքը: Կողմերը պետք է կարողանան քաղաքական կամք և շրջահայացություն դրսևորել, որպեսզի անցնցում կերպով բոլորի կողմից շատ թե քիչ ընդունելի որոշում կայացնեն»:

Թե ո՞վ կարող է լինել ստեղծված իրավիճակում Հ. Թոխատյանի նախընտրելի վարչապետի թեկնածուն, այս պահին դեռ հայտնի չէ.

«Ես չգիտեմ որևէ մեկի վարչապետական հնարավորությունները: Եթե ինչ-որ հույսեր կային Կարեն Կարապետյանի գալուց, ապա այդ հույսերը մինչև վերջ չիրականացան: Դրա համար տարբեր պատճառաբանություններ կարող են լինել՝ ժամանակն է քիչ, չկարողացավ, չթողեցին, չցանկացավ, և այլն, ամեն ինչ հնարավոր է: Փաստ է այն, որ այդպես էլ ի կատար չածվեց Կարեն Կարապետյանի վարչապետական խոստումների մի զգալի մասը, այսինքն՝ նկատելի փոփոխություն ոչ մեկն իր վրա չի զգացել: Հետևաբար, եթե ժողովուրդը որոշի, որ իր վստահությունը հայտնում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա կլինի ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն: Իմ անձնական կարծիքով, ելնելով իր հռետորական հնարավորություններից, Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ արդյունավետությամբ կարող է ղեկավարել Ազգային ժողովը»:

Անդրադառնալով ներքաղաքական նման իրավիճակում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդրին, Հրանտ Թոխատյանը նկատում է՝ ցավոք, Ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարները մոտ ապագայում չի տեսնում: Փոխարենը՝ մեր զրուցակիցն ընդգծում է՝ ում ձեռքում էլ լինի երկրի ղեկը, և ինչ իրավիճակում էլ որ հայտնվի երկրի ներքաղաքական կյանքը, Ղարաբաղյան խնդիրը եղել և մնալու է առաջնային կարևորության հիմնական հարց:

Տեսանյութեր

Լրահոս