«Դա ստոր արարք էր. կփորձենք պարզել, թե ով է այդ մարդը». Արայիկ Հարությունյան
«Երեկ երեկոյան մենք այդ տեղեկությունն ունեցանք, որ ելույթ ունեցողը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի եղել. ինչ-որ արվել է, սրիկայություն է, եթե դա Ռոբերտ Աբաջյանի պապիկը չէ և նրա անունից ելույթի հնարավորություն խնդրեց։ Հանրությունը գնահատական կտա այդ մարդու գործողություններին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ հանրահավաքի ժամանակ Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապի անունով ներկայացած և ելույթ ունեցած անձնավորության քայլին։
Aravot.am-ի հետ զրույցում Ռոբերտ Աբաջյանի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը, նշել է, որ շատ վատ է վերաբերվում, երբ իր անվան տակ ելույթ են ունենում. «Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, այս մի քանի օրվա իրադարձությունները, այդ ելույթն ինձ շատ վատ վիճակի մեջ էին գցել»:
Արայիկ Հարությունյանը սխալ է համարում նման քայլ անելը.
«Իրեն խոսք տրամադրելը եղել է այն արժեքների համատեքստում, որ մենք կարևորում ենք քառօրյա պատերազմի հերոսների սխրանքը և այդ շարժառիթից ելնելով ենք մենք Ռոբերտ Աբաջյանի պապիկ ներկայացած մարդուն խոսք տվել։ Ցավում եմ, որ նման թյուրիմացություն է տեղի ունեցել»։
Մեր զրուցակիցը նշեց, որ կազմակերպչական լարված իրավիճակ է եղել, հնարավոր չի եղել ստուգել. «Ստուգելու խնդիր էլ չենք ունեցել, որովհետև հավատացել ենք այդ տարեց մարդու խոսքին։ Բայց նման ստոր արարքը պետք է դատապարտվի։ Կփորձենք պարզել, թե ով է այդ մարդը»։