
«Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է. վենդետա չի լինելու». Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում երկար տարիներ հաստատված է եղել ատելության, վրեժխնդրության, վենդետայի մթնոլորտ.
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է։ Ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել։ Ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, ովքեր ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին, բոլոր այն քաղաքացիներին, գործարարներին, ովքեր անհանգստություն ունեն քաղաքական այս գործընթացի հետ կապված և մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրություն և վենդետա. հարգելիներս, մի արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու, որովհետև ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու։ ՀՀ-ում այս պահից սկսված՝ հաստատվելու է ազատության, եղբայրության, օրինականության, հավասարության և ազգային միասնության մթնոլորտ»։
Նիկոլ Փաշինյանը շնորհակակություն հայտնեց Արցախի Հանրապետության իշխանություններին, որ նրանք, ի հեճուկս տարածվող խուճապային լուրերի, պահպանեցին կատարյալ զսպվածություն և չեզոքություն, չտրվեցին սադրանքներին։
Փաշինյանը նշեց, որ ձեռք են բերել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվածություն՝ թավշյա հեղափոխության բոլոր մասնակիցներին ազատ արձակելու վերաբերյալ. «Ես ակնկալում եմ, որ մեր շարժման բոլոր ձերբակալված և կալանավորված անդամներն անհապաղ, մինչև օրվա վերջ, մինչև մեր միջոցառման ավարտը պետք է ազատ արձակվեն»։
Բոլոր քաղաքական բանտարկյալները, ըստ Փաշինյանի՝ պետք է ազատ արձակվեն. «Ես կոչ եմ անում, որ այս պահից սկսած ոստիկանությունը դադարեցնի մեր շարժման մասնակիցներին բերման ենթարկելու գործընթացը, բայց նաև ուզում եմ, որ մենք շատ հստակ պայմանավորվենք մի հարցում․ Հայաստանում ի դեմս ժողովրդի՝ կա բոլորովին նոր իշխանություն, բայց մենք նաև պետք է ցույց տանք, որ այդ իշխանությունն ի վիճակի է իրավիճակը պահել 100 տոկոսով կառավարելի, և ես հույս ունեմ, որ այսօրվա տոնակատարությունը որևէ տհաճ միջադեպով չպետք է նշանավորվի, այսօրվա տոնակատարությունը պետք է լինի ուրախ, հաղթական, բայց որևէ ծառի ճյուղի որևէ վնաս չպետք է հասցվի։ Հատուկ խնդրում և կոչ եմ անում՝ զերծ մնալ ալկոհոլի օգտագործումից․ դա կարող ենք անել երեկոյան ուշ ժամի, մեր տներում»։