Նիկոլ Փաշինյանը բանակցությունները կշարունակի Կարեն Կարապետյանի հետ

Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ, երբ Սերժ Սարգսյանն իր հետ հանդիպման կեսից հեռացավ, իր համար հասկանալի էր, որ Սարգսյանը հեռացել է նաև վարչապետի պաշտոնից.

«Երեկ, երբ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ինձ առևանգեցին Արցախի պողոտա-Էրեբունի խաչմերուկից և հույժ գաղտնի պայմաններում ինձ տանում էին Սևանի ոստիկանության բաժին, ես նրանց հետ հումորներ էի անում, նրանք չէին հասկանում, թե ինչու եմ այդպես վարվում։ Ես նրանց բացատրում էի, որ Սերժի իշխանությունն այլևս չկա, դուք չեք հասկանում, որ ՀՀ-ում այս պահից կա նոր իշխանություն, որի անունն է՝ ՀՀ ժողովուրդ»։

Փաշինյանը նշեց, որ իրեն պահել են կատարյալ մեկուսացման պայմաններում. «Բայց իքս պահից, երբ ինձ սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ես հասկացա, որ մեր հռչակած թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը հաղթել է։ Այսօր առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին։

Երկու ժամից ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա մի ամսից, ավելի ուշ ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին։ Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմ սեփական առաջարկը՝ ձեր անունից, և ասացի՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա 2 ժամվա ընթացքում, և Սերժ Սարգսյանը 2 ժամվա ընթացքում հրաժարական տվեց»։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իրենց օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված. «Առաջին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։ Դա արդեն տեղի է ունեցել։ Երկրորդ՝ ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, և դա պետք է տեղի ունենա առաջիկա 1 շաբաթվա ընթացքում։ Դրանից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Մենք ասացինք, որ պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացման և իշխանության անցնցում փոխանցման տարբերակը։ Եվ հիմա, քանի որ Սերժ Սարգսյանը հեռացած է, մենք պատրաստվում ենք չորեքշաբթի օրը՝ առավոտյան ժամը 11։00-ին, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում շարունակել բանակցություններն իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։

Ես հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը, և այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար»։

Փաշինյանն ասաց, որ իրենց հռչակած թավշյա հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ. «Այն պետք է շարունակվի մինչև վերջ, և ես հույս ունեմ, որ բոլորդ կանգնած եք հանուն վերջնական հաղթանակի։ Եթե ՀՀԿ-ն հույս ունի ստվերային կառավարում իրականացնել, ես հորդորում եմ բոլորին՝ րոպե առաջ մոռանալ այդ միտքը։ Ժողովուրդը հաղթել է, նրա հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն, առանց նախապայմանների»։

Տեսանյութեր

Լրահոս