Աննա Հակոբյանը՝ Զարուհի Փոստանջյանին ելույթի հնարավորություն չտալու մասին

Նիկոլ Փաշինյանի կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը, Հանրապետության հրապարակում պարզաբանեց, թե ինչու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին ելույթի հնարավորություն չտվեցին։

«Ես այդքան համարձակություն չունեի, որպեսզի այստեղ կանգնեի և ձեր առաջ խոսք ասեի, բայց տեսաք՝ տգեղ միջադեպ տեղի ունեցավ. մեր սիրելի Զարուհի Փոստանջյանն ամեն կերպ ուզում էր խլել խոսափողը և ելույթ ունենալ։

Ես ուզում եմ ներողություն խնդրել այս միջադեպի համար, բայց այստեղ «ՔՊ» կուսակցության անդամները, «Մերժիր Սերժիր» շարժման անդամները վերապահում ունեն՝ նրա խոսքի հետ կապված, այն պատճառով, որ այս ընթացքում, այս շարժումը սկսելուց առաջ, երբ հայտարարվում էր քայլարշավը, նպատակները, Զարուհի Փոստանջյանը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է։ Այս տգեղ միջադեպի պատճառն այդ հայտարարությունն էր, ես ներողություն եմ խնդրում բոլորի անունից, հարթակում գտնվողների անունից՝ այդ միջադեպի համար։

Մենք սիրում ենք Զարուհի Փոստանջյանին, մենք բոլորին ենք սիրում, մենք ոչ մեկին չենք ասում՝ ծախված, և խնդրում ենք՝ հակառակն էլ չասել։ Այստեղ ծախված մարդիկ չկան, այստեղ կա մի ժողովուրդ, որի մեջ սեր է հորդում, և կան մի խումբ մարդիկ, որոնք չգիտեն՝ սերն ինչ է, որոնք ուզում են վերացնել այդ ամենը մեր երկրից, ինչը չի հաջողվելու նրանց»,- ասաց նա։

Աննա Հակոբյանը հանրահավաքի մասնակիցներին խնդրեց՝ ինչ էլ լինի, ինչ էլ ասվի՝ ի սկզբանե հայտարարվածից չշեղվել. «Ինչ ասվել է՝ շարունակում է ուժի  մեջ մնալ այնքան ժամանակ, այդ գործողությունները հայտարարված խաղաղ պայմաններով պետք է անենք այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ստորագրի»։

Նա նկատեց՝ թող Մարտի 1-ով չսպառնան. «Այս երկրում այլևս Մարտի 1 չի լինելու, բավ է»։

Տեսանյութեր

Լրահոս