ՄԻՊ-ը հորդորել է բացառել ցանկացած տեսակի բռնություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորել է բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի, ինչպես նաև չստուգված տեղեկությունների տարածումը:
ՄԻՊ հայտարարության մեջ ասվում է.
«1. Երկրում ստեղծված խիստ լարված մթնոլորտի պայմաններում անփոխարինելի նշանակություն ունեն զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողների աշխատանքը: Կարևոր է նաև սոցիալական ցանցերի դերը, որոնք նույնպես ազատ խոսքի բաղադրիչ են:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հատուկ ուշադրությամբ է հետևում լրագրողների բնականոն աշխատանքի ապահովմանը: Նրանց անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ու պաշտպանվածությունը մեր երկրում ժողովրդավարության զարգացման գրավականներից է: Այս առումով, մտահոգիչ է այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտն ու նրա նկատմամբ կիրառված բռնությունը: Կարևոր է, որ այս փաստով արդեն իսկ նախաձեռնվել է քննություն:
Հաշվի առնելով հաճախակի դարձող բռնությունների դեպքերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է լրագրողներին չգտնվել բռնության գործադրման կամ բռնության իրական վտանգ պարունակող վայրերից:
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ահազանգեր ստանալ ծնողներից կապված իրենց երեխաների պաշտպանվածության հետ: Հատկապես անհանգստացնող են ծնողների մտահոգությունները՝ կապված իրենց երեխաների գտնվելու վայրերի ու նրանց անվտանգության հետ:
Դարձյալ վերահաստատում ենք, որ երկրում ստեղծված լարված իրավիճակի պայմաններում երեխաների լավագույն շահից չի բխում հավաքներին կամ երթերին մասնակցելը: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շարունակում են գործադրվել բոլոր ջանքերը՝ երաշխավորելու համար երեխաների իրավունքները:
Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ուսումնասիրությունը վկայում է, որ առանձին դեպքերում դրանցում առկա են բախումների կամ այլ միջադեպերի այնպիսի ձևակերպումներով նկարագրություններ, որոնք սոցիալական ցանցերում հանգեցնում են ատելության խոսքի ու բռնության կոչերի: Այդ հրապարակումների ներքո սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի կողմից խրախուսվում է բռնությունը, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելը, իսկ մի շարք դեպքերում կոչ է արվում «ֆիզիկապես ոչնչացնել», «կյանքից զրկել» ոստիկանության ծառայողների:
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է, որպեսզի լրատվամիջոցներն այս բոլոր դեպքերում հեռացնեն ատելություն կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից:
Առանձին դեպքերում արձանագրվել են նաև այնպիսի հրապարակումներ, որոնք ներկայացված են՝ որպես հաստատված փաստեր և հիմնված են միայն մի կողմի հայտարարությունների վրա: Նկատվել են նաև չստուգված տեղեկությունների հիման վրա արվող հրապարակումներ:
Այս առումով, խնդրում ենք լրագրողներին իրենց հրապարակումներում ձեռնպահ մնալ չստուգված տեղեկություններ տարածելուց, հատկապես երբ դրանք վերաբերում են միջադեպերին երեխաների ներգրավվածությանը կամ միայն մեկ կողմի հայտարարությունների հիման վրա իրավիճակը՝ որպես հաստատված փաստ ներկայացնելուց»: