ԵՊՀ շրջանավարտների միավորումը շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը երևանյան բողոքի ակցիայի կազմակերպիչներին շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԵՊՀ շրջանավարտների միավորման հայտարարությունը:
«Խորապես մտահոգված ենք վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններով, երբ որոշ քաղաքական ուժերի և անհատների կողմից կազմակերպված խաղաղ հավաքներն ուղեկցվում են հասարակական կարգի բացահայտ խախտմամբ, ատելության ու բռնության կոչերով և հասարակության լայն շերտերի իրավունքների մասսայական ոտնահարմամբ:
Աներկբա է, որ խաղաղ հավաքների ազատությունը յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է և հանդիսանում է ժողովրդավարական արժեհամակարգի կարևորագույն հիմնասյուներից մեկը: Սակայն անթույլատրելի է, երբ այդ իրավունքի իրացումը սահմանափակում է այլոց իրավունքները, խախտում է հասարակության բնականոն համակեցությունը և լրջորեն սպառնում է պետականությանն ու ազգային անվտանգությանը:
Տագնապած ենք օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների դիմաց ակցիաների կազմակերպման և դեսպանությունների տարածք ներխուժելու փորձերի վերաբերյալ տեղեկություններով: Հայաստանի Հանրապետության դեսպանությունների վրա հարձակումներն ուղղված են մեր պետության դեմ, քանի որ նրանք ներկայացնում են Հայաստանը և ոչ թե որևէ կուսակցության կամ անհատի: Այդ պատճառով, երևանյան հավաքի կազմակերպիչները կամ երկրի ու ժողովրդի անվտանգությամբ ու հեղինակությամբ մտահոգ որևէ անհատ, իրավունք չունի քաջալերել կամ ողջունել նման ակցիաների անցկացումը: Առավել ևս, որ այդ ակցիաները շատ հաճախ կազմակերպվում են անձնական դրդապատճառներից ելնելով, և որ ամենավտանգավորն է, դրանք կարող են օգտագործվել թուրք-ադրբեջանական շրջանակների կողմից՝ սադրանքների միջոցով իրավիճակը սրելու և անկանխատեսելի հետևանքներ առաջացնելու համար:
Հետևաբար, անդառնալի հետևանքներից խուսափելու համար երևանյան բողոքի ակցիայի կազմակերպիչներին կոչ ենք անում շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսել ՀՀ պետական իշխանությունների հետ: Իսկ արտասահմանյան երկրներում բնակվող մեր հայրենակիցներին հորդորում ենք ցուցաբերել ողջախոհություն և չսրել առանց այն էլ բարդ, բազմաշերտ և պայթյունավտանգ իրավիճակը»:
ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ
ԵՊՀ շրջանավարտների միավորման արտասահամյան մասնաճյուղերի համակարգող խորհուրդ