Վաչե Գաբրիելյանը ամերիկացի գործընկերներին է ներկայացրել կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ապրիլի 20-ին Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ գործընկերների հետ։
Ապրիլի 20-ին փոխվարչապետ Գաբրիելյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի պատասխանատու Բրոք Բիրմանի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի, ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի և ԱՄՆ գանձապետարանի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-Հայաստան միջկառավարական համագործակցության շրջանակների ընդլայնման, կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր։
Մասնավորապես, առաջիկայում կարևորվել են տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը խրախուսող ծրագրերը, ներդրումները և առևտուրը խթանող քաղաքականության վերաբերյալ երկու երկրների երկխոսությունը։
ՀՀ փոխվարչապետը ԱՄՆ-ում է գտնվում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհրդի գարնանային հանդիպումներին մասնակցելու նպատակով: