«Հիմա ո՛չ կաթողիկոսական հորդորները, ո՛չ էլ երկխոսության կոչերը ոչ մի արդյունք չեն տա». Լևոն Ջավախյան
Երևանի փողոցներում և հանրապետության մարզերում չդադարող բողոքի ցույցերի և հանրահավաքների մասին 168.am-ը լսել է գրող Լևոն Ջավախյանի դիրքորոշումը.
«Հիմա ոչ կաթողիկոսական հորդորները, ոչ էլ երկխոսության կոչերը ոչ մի արդյունք չեն տա, որովհետև փողոց ես դուրս գալիս՝ մայթերը խոսում են, ծառերը խոսում են, արդեն սկսել են մեքենաներն էլ խոսել, էլ մարդկանց մասին ոչինչ չեմ ասում, լռում եմ: Սա նշանակում է մի բան՝ լավ է ղեկավարել, թե վատ, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, այդ է պահանջում ժողովուրդը»:
Լևոն Ջավախյանը նկատում է՝ միշտ բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի և՛ լրագրողական, և՛ հասարակական-քաղաքական գործունեությունը.
«Իր փակված ժամանակ նա մի վեպ գրեց, որտեղ երևում էր նաև՝ որպես գրող իր շնորհքն ու տաղանդը: Նրա որդեգրած քաղաքական կեցվածքից, ազնվությունից և շիտակությունից ոգևորված՝ ես ժամանակին մի հոդված գրեցի, որը ոչ ավել, ոչ պակաս, կոչեցի «Քաղաքականության սիրտը»:
Քաղաքականության սիրտ արտահայտությունն իմը չի, այլ Նապոլեոն Բոնապարտինը, որին նա հետևյալ միտքն է տվել՝ քաղաքականությունը սիրտ չունի: Վկայակոչելով Բոնապարտի այդ արտահայտությունը՝ ես ասացի՝ քաղաքականության սիրտ կա և այդ սիրտը բաբախում է Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական կեցվածքում: Միակ մտավախությունս այն է, որ այն, ինչ կատարվում է այս օրերին մեր երկրում, հանկարծ բարենպաստ հող չդառնա Արևմուտքի և Արևելքի քաղաքական շահերի բախման համար, որտեղ մենք կարող ենք տանուլ տալ»: