Անհրաժեշտ է բոլոր առաջարկների հրապարակային ՝ԶԼՄ-ների ներկայությամբ քննարկում․ ՕԵԿ

Նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների առնչությամբ` մատնանշելով իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ քաղաքական օրակարգի ձևավորումը, որը կարող է դրսևորվել համընդգրկուն հանգուցալուծման քաղաքական և քաղաքացիական պլատֆորմի ձևավորմամբ` մատնանշելով նաև որպես քաղաքական հանգուցալուծում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը:

ՕԵԿ հայտարարությունը հանրության լայն շրջանակներում և այդ թվում համացանցում ողջունել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ Հայաստանից և սփյուռքից: Հայտարարության մեջ շարադրված գաղափարը ողջունել են նաև հայտնի հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի հանրահավաքում առաջ է քաշել հստակ ձևակերպված առաջարկներ, որը ըստ էության ենթադրում է քննարկումների կազմակերպման անհրաժեշտություն:

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին և քաղաքական ուժերին կոչ անելով քննարկումների միջոցով գտնել քաղաքական հանգուցալուծում:

Ելնելով վերոբերյալից «Օրինաց երկիր» կուսակցությունը, ի շարունակություն երեկ իր հնչեցրած հայտարարության, հայտարարում է իր պատրաստակամությունը ինչպես նախաձեռնելու, այնպես էլ մասնակիցը լինելու քաղաքական և քաղաքացիական քննարկումների` հետագա դրամատիկ զարգացումներից խուսափելու նպատակով և կոչ է անում հրապարակայնորեն, ԶԼՄ-ների ներկայությամբ քննարկել բոլոր կողմերի առաջարկները և գտնել հանգուցալուծում` ի շահ մեր հայրենիքի և ժողովրդի:

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ » ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Տեսանյութեր

Լրահոս