«Եթե Սերժ Սարգսյանն ուզում է փորձել, թող փորձի». Նիկոլ Փաշինյան
«ԱԺ պատգամավորին՝ առանց ԱԺ համաձայնության հնարավոր չէ ձերբակալել։ Դրա համար պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, գլխավոր դատախազը պետք է մտնի, և պատկերացրեց, թե այդ օրը ինչ տեղի կունենա ՀՀ-ում։ Կարծում եմ՝ դա կդառնա հենց հեղափոխության վերջնական հաղթանակի օրը։ Եթե Սերժ Սարգսյանն ուզում է փորձել, թող փորձի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր հնարավոր ձերբակալության մասին հարցին։
Դիտարկամանը, թե բացառություն կա, եթե հանցանքի վայրում հայտնաբերում են պատգամավորին, հիմա ոստիկանությունը նշում է, թե հավաքներն ապօրինի են, դա չի՞ կարող հանցանք համարվել, նա այսպես արձագանքեց. «Ես ընթերցեցի այս հավաքի օրինականությունը, եթե նույնիսկ նախկին հավաքը, որը դադարեցրինք, ապօրինի էր համարվում, մենք այն արդեն դադարեցրել ենք, ուրեմն՝ պահը բաց է թողնված»։
Այդ պահին մի կին մոտեցավ և ասաց, որ իր երեխային ծեծել են. «Երեխայիս անունը Մկրտչյան Նարեկ է, նա 12 տարեկան է. մեկ ժամ է զանգում եմ՝ չեմ գտնում։ Մեքենան համարանիշներ չուներ, կապիշոնը քաշեց գլխին ու ծեծեց երեխայիս, նրա անձրևանոցը կոտրեց։ Մենք մասնակցում ենք այս հավաքներին»։