«Սա ձևի շարժում է, որը չունի քաղաքական բովանդակություն». Արմեն Բադալյան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը նշել է, որ այսօրվա փողոցում ծավալվող քաղաքական գործընթացը չունի քաղաքական բովանդակություն, այն պահպանվում է միայն տեխնոլոգիաների միջոցով։
«Սա ձևի շարժում է, որը չունի քաղաքական բովանդակություն։ Խնդիր է դրված զուտ տեխնոլոգիական առումով պահել շարժումը, բայց շարժման ղեկավարները քաղաքական օրակարգ չեն առաջարկում։
Չեն առաջարկում, ասենք, արտահերթ ընտրություններ, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, Սերժ Սարգսյանի հրաժարական։ Ոչ մի առաջարկ, պահանջ չի դրվում։ Միայն ռոմանտիկ տեխնոլոգիաներով շարժումը հնարավոր է լինում պահել։ Ստացվում է տպավորություն, որ նպատակ է դրված այս կառավարելի քաոսը ինչ-որ ժամանակ ձգել»,- ասաց Բադալյանը։ Քաղաքագետի խոսքով՝ իր ասածը փաստում է այն, որ մի քանի ուղղություններով արդեն արձագանքներ կան։
Մասնավորապես, երեք արձագանք հստակ է՝ արևմտյան երկրներից չկան շնորհավորանքներ գործող վարչապետին ընտրվելու կապակցությամբ, երկրորդ մեսիջն այն է, որ արևմտյան որոշ կառույցներ արդեն սկսել են իշխանությանը և ընդդիմությանը երկխոսության կոչ անել, և երրորդը այն է, որ նույն միջազգային կառույցները իշխանություններին կոչ են անում, որ ոստիկանությունը իր չափը չանցնի և ուժ չկիրառի ցուցարարների նկատմամբ։
Բացի այդ, քաղաքագետի խոսքով շատ կարևոր է նաև այն, որ արևմտյան լրատվամիջոցները բավականին լավ լուսաբանում են այս օրերի խաղաղ ցույցերը, որը, մեր զրուցակցի խոսքով, նշանակում է, որ նպատակ է դրված այս կառավարելի քաոսը որոշ ժամանակով պահել։
«Միգուցե հետագայում, երբ երկխոսությունը տեղի ունենա, հնարավոր լինի, որ շարժման ղեկավարները քաղաքական օրակարգ ձևավորեն, բայց հիմա այդ պահը չէ, և ինչ-որ գործընթաց է տեղի ունենում»,- նկատեց Բադալյանը։ Մեր դիտարկմանը, թե իր կողմից թվարկված կետերը կարո՞ղ ենք համարել Արևմուտքի ոչ ուղղակի աջակցություն շարժմանը, Բադալյանը նկատեց. «Ավելի շուտ՝ դա կարող ենք համարել չաջակցություն իշխանություններին։
Այսօրվա դրությամբ դա ցուցարարներին աջակցություն չէ, բայց նաև չաջակցություն է իշխանություններին։ Թե հետագայում այդ չաջակցությունը կարող է փոխվել աջակցության ցուցարարների նկատմամբ՝ դժվար է ասել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: