Բաժիններ՝

«Դպրոցների առաջ այդ լոզունքները հնչեցնելը, կոչ անելը, թե՝ դուրս եկեք, էդ ո՞ւմ են ասում, երեխաների՞ն». Անահիտ Բախշյան

Ինչպես հայտնի է, Վանաձորում մի խումբ ուսանողներ և աշակերտներ շրջում են Վանաձորի ուսումնական հաստատություններով և ուսանողներին ու աշակերտներին կոչ անում միանալ դասադուլին: Այսօր նրանց միացել էր նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանն ասաց, որ 16 տարեկանից բարձր աշակերտները որպես քաղաքացի կարող են կողմնորոշվել և որոշել՝ միանա՞լ, թե՞ չէ: Նրա խոսքով՝ կոչ անել կարող են, պարտադրել՝ երբեք:

«Գոնե մինչև 16 տարեկան երեխաներին ես անձամբ կպահեի դպրոցում ամեն կերպ: Ես համացանցում տեսա, որ որոշ դպրոցներում երեխաներն իրենք իրենց համաձայնությունն էին արտահայտում իրենց ծնողների, տատերի, պապերի այս շարժմանը, ու ես միանշանակ իրենց կողքը կնստեի, բայց իրենց կպահեի դպրոցի շենքում, որովհետև հազար ու մի վտանգ կա:

Իրենք էլ են ապագա քաղաքացի՝ հասարակագիտություն են անցնում, տարբեր դասեր են անցնում, որտեղ խոսում ենք այն մասին, թե ինչ է նշանակում՝ լինել քաղաքացի, ինչպիսին պետք է լինի քաղաքացին՝ ազնիվ, արդարամիտ և այլն: Երեխան իրավունք ունի ասել իր կարծիքը, տեսակետը հայտնի՝ նայած որտեղ, իսկ փողոցում՝ 16 տարեկանից բարձր»:

Հարցին՝ այն, որ ակցիայի մասնակիցները դպրոցներ էին գնացել և այնտեղ կոչ էին անում դպրոցականներին՝ միանալ շարժմանը, ինչքանո՞վ է թույլատրելի, Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Դպրոցում նման կոչեր անելն այնքան էլ խելամիտ չէ, որովհետև եթե ուսուցիչներն իրենք գործադուլ չեն հայտարարում, չեն ասել կամ չեն միացել, ապա գնալ դպրոցի պատուհանների տակ գոռալ և երեխաներին ներքաշել դրա մեջ, չեմ կարծում, որ խելամիտ քաղաքական քայլ է»:

Մեր ճշտող հարցին էլ՝ Ձեր կարծիքով՝ շարժման մասնակիցները պետք է զե՞րծ մնան նման քայլերից, Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ՝ շարժման մասնակիցներն իրենց հետևորդ հենարան պետք է ունենան չափահաս մարդկանց, դպրոցների առաջ այդ լոզունքները հնչեցնելը, կոչ անելը, թե՝ դուրս եկեք, էդ ո՞ւմ են ասում, երեխաների՞ն: Ուսուցիչները եթե դուրս գան, իրենք չափահաս մարդիկ են, կարող են որոշել, դուրս գալ, բայց այդ կոչը եթե երեխաներին է ուղղված, դա հանկարծ շեղում է նրանց ուսումնական պրոցեսից, և ես չէի խրախուսի նման բաներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս