«Ոչ մեկի գլխից որևէ մազ չպետք է պակասի». Ռուբեն Բաբայան
Բաղրամյան փողոցում լարված իրավիճակ է: Ցուցարարներին հաջողվեց ճեղքել ոստիկանական առաջիին պատնեշը, որից հետո ոստիկանությունը սկսեց հատուկ միջոցառումների կիրառումը: Ոստիկայությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով, որ «Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»:
168.am-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակի մասին խոսելով՝ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ասաց.
«Որքանով հետևում եմ, տեսնում եմ, որ ցուցարարների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, և դա նշանակում է մի բան՝ երիտասարդությունը փոփոխություն է ցանկանում, և սա միանշանակ և արդարացված պահանջ է: Երիտասարդները միշտ ավելի ռադիկալ ու հեղափոխական են, և դա ճիշտ է: Ինձ վրա, ճիշտն ասած, շատ ծանր տպավորություն էր թողել Ծաղկաձորում ՀՀԿ-ի հրավիրած նիստի լուսանկարները, որն ինձ հիշեցրեց մեր «լավագույն» սովետական տարիները:
Այս իրավիճակը ստեղծվել է նրա համար, որ իշխանությունը չի ցանկացել լսել իր ժողովրդին և հետո նեղանում է, որ ժողովուրդն էլ չի ցանկանում լսել իրեն: Եթե նրանք պահանջում են կամ գոնե ակնկալիք ունեն, որ ժողովուրդը լսի իրենց, ապա նախևառաջ իրենք պետք է լսեն ժողովրդի ձայնը: Ժողովուրդն ուզում է փոփոխություններ: Չեմ ցանկանա անհատականացնել այս պահանջը, որովհետև եթե համակարգը պետք է նույնությամբ պահպանվի, ապա ի՞նչ նշանակություն ունի՝ ո՞վ կլինի վարչապետի պաշտոնում:
Եթե մենք մեր բոլոր հույսերը կապում ենք միայն անձի փոփոխությունների հետ, ապա հիասթափությունը գալիս է շատ ավելի արագ ու ծանր, քան մենք կարող էինք պատկերացնել: Այս իրավիճակում ես միայն մի բան կարող եմ հստակ ասել՝ չգիտեմ՝ խոսքս որքանով տեղ կհասնի, բայց շատ կխնդրեի, որ լավ մտածեն բոլոր քայլերն ու դրանց հետևանքների մասին, և հատկապես զգուշանան սադրիչներից:
Այն, որ սադրիչներ հայտնվելու են և փորձելու են ուրիշ կողմ տանել այս պայքարի ուղեծիրը՝ ակնհայտ է, ակնհայտ է նաև այն, որ նրանք հրահրելու են նաև ծեծ ու ջարդ, փորձն ամենալավ ուսուցիչն է, և մենք դա արդեն տեսել ենք: Ոչ մեկի գլխից որևէ մազ չպետք է պակասի»: