«Ո՞ւմ դեմ է պայքարի ելել ժողովուրդը՝ մեկի, ում ինքն է ընտրել ու ձայն տվել 5000-10000 դրամի դիմաց». Նիկոլայ Ծատուրյան
Ազատության հրապարակից Ֆրանսիայի հրապարակ տեղափոխված ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումն արդեն երկրորդ օրը շարունակում է փողոցային պայքարը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Թե ի՞նչ զարգացումներ կունենա այն, և ինչո՞վ կավարտվի, հարցրեցինք բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանին, ով ի պատասխան՝ ասաց՝ իսկ դուք չգիտե՞ք, թե սովորաբար ինչով են ավարտվում նման դեպքերը՝ արյունահեղությամբ.
«Ես այնտեղ չեմ և չեմ էլ պատրաստվում, որովհետև ինքս չեմ նախընտրում պայքարի այս ձևը: Հետո ուզում եմ հարցնել՝ ո՞ւմ դեմ է պայքարի ելել ժողովուրդը՝ մեկի, ում ինքն է ընտրել ու ձայն տվել 5000-10000 դրամի դիմաց: Հետևաբար՝ այս ամենն ինձ համար ուղղակի անլուրջ է: Եթե ուզում եք՝ այս երկրում որևէ բան փոխվի, ապա պետք է սկսել մարդկանց մտածողությունը փոխելուց, թե չէ արդեն գիտենք, թե ինչով են ավարտվում մեր երկրում նման շարժումները՝ կհավաքվի Ոստիկանությունն ու արյուն թափելով՝ կքշի այնտեղ հավաքված մարդկանց, և հենց սա չընդունելով է, որ ես երբեք չեմ լինում նման հրապարակներում»:
Տեղեկացնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շուրջ երկշաբաթյա քայլարշավը երեկ հասավ Ազատության հրապարակ, որտեղ ակցիայի նախաձեռնողները չորսօրյա շուրջօրյա հանրահավաքներ են անցկացնելու՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխելու նպատակով։