
Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, Թումանյանի ծոռ Արեգ Թոթոլյանին հյուրընկալել են ՀՀ սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 13-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Սանկտ Պետերբուրգի ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արեգ Թոթոլյանին, ով Հայաստանում է ապրիլին Երևանում անցկացվող գիտագործնական կոնֆերանսի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ուրախ եմ, որ Հայաստանում եք, նպաստում եք առողջապահական ոլորտի զարգացմանը: Գործով եք օգտակար լինում Հայրենիքի առաջընթացին: Դուք, լինելով Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծոռը, Ձեր գործով մեկ անգամ ևս հավաստում եք թումանյանական այս տողերի ճշմարտացիությունը. «Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար»»:
Արեգ Թոթոլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գնահատանքի համար: Նա Հրանուշ Հակոբյանին նվիրեց իր մոր՝ Սուրմա Թումանյանի «Եվ միայն շատ տարիներ անց՝ անցյալի որոնումներով» գրքույկը»: