Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց ժողովրդից

«Քայլ արա՝ մերժիր Սերժին» կոչերով Ազատության հրապարակում մեկնարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ իրենց կազմակերպած քայլարշավն արշավ էր` ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի և ընդդեմ ՀՀԿ-ի, հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի.

«Սա արշավ է՝ ընդդեմ հուսահատության և հանուն արժանապատվության, ընդդեմ արտագաղթի, հանուն նոր կյանքի։ 14 օրվա ընթացքում մենք ոտքով կտրեցինք 212 կմ ճանապարհ, կատարեցինք 320 հազար քայլ։ Մենք այդ 14 օրվա ընթացքում տեսանք կիսավեր և կիսադատարկ գյուղեր, լքված ու չմշակվող վարելահողեր, աղբի մեջ կորած բնապատկերներ, ավերակ ճանապարհներ, տոկոսի տակ ճռռացող ժողովուրդ, Հայաստանը դատարկող միկրոավտոբուսներ, ժողովրդի շրջանում՝ ատելություն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի նկատմամբ»։

Փաշինյանը նշեց, որ մարդիկ իրենց խնդրել, պահանջել են Հայաստանն ազատել Սերժ Սարգսյանից, ՀՀԿ-ից. «Հիմա կռահում եք, որ ՀՀԿ խոսնակ Շարմազանովը կասի, որ ժողովուրդն իրենց վստահության քվե է տվել։ Եվ իրոք, ժողովրդի այս ատելությունն ու ընտրությունների արդյունքները բացատրության կարիք ունեն։ Ինչպե՞ս է, որ մեր երկրում ՀՀԿ-ի նկատմամբ ատելություն և զզվանք կա, բայց ՀՀԿ-ին հաջողվում է թեկուզ ընտրակաշառքով իր օգտին 100-հազարավոր ձայներ գրանցել։ Պատասխանն այն է, որ ՀՀ ժողովուրդը գերի է վերցված Սերժ Սարգսյանի և նրա կողմից ղեկավարվող մաֆիոզ իշխանության կողմից»։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցող ընտրությունների արդյունքներին ընդդիմադիր դաշտը պարտավոր էր վերաբերվել այնպես, ինչպես նացիստական համակենտրոնացման ճամբարներում տեղի ունեցած քվեարկությանը, ինչը չեն արել.

«Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին հաջողվել է Հայաստանի ժողովրդին հասցնել անպաշտպանության և հուսահատության այնպիսի աստիճանի, ինչպիսին հարիր է նացիստական համակենտրոնացման ճամբարի գերիներին։ Եվ այսօր մեր ժողովուրդը մի բանի կարիք ունի՝ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի մաֆիոզ իշխանությունից ազատագրվելու կարիք։ Դա է մեր ժողովրդի ամենակարևոր կարիքը և նպատակը»։

Փաշինյանը ներողություն խնդրեց ժողովրդից, որ ի վիճակի չեն եղել օբյեկտիվորեն գնահատել «նրա գերեվարված վիճակի ողջ ծանրությունն ու լրջությունը.

«Փաստորեն, շատ հաճախ ժողովրդին մենակ ենք թողել սերժական մաֆիայի առաջ, բայց հիմա մենք անմնացորդ նվիրված ենք Հայաստանի ժողովրդի ազատագրման նպատակին։ Սա ՀՀ ժողովրդի ազատագրման ժամն է։ Եվ հիմա մենք մեր ժողովրդից ակնկալում ենք, որ նա դուրս կգա փողոց, կհեղեղի Երևանի, Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի փողոցներն ու հրապարակները»։

Նա հստակեցրեց՝ իրենց պայքարի միակն նպատակը միայն Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կասեցնելը չէ, ՀՀԿ-ին իշխանությունից զրկելը չէ, այլ ժողովրդի ազատագրումը։

Նշենք, որ Ազատության հրապարակն այս պահին բավականին բազմամարդ է։

Տեսանյութեր

Լրահոս