Բաժիններ՝

Ռուսաստանի ծովուժը զորավարժություններ է սկսում Սիրիայի ափամերձ շրջանում, որը փակ գոտի է հայտարարված

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերն, սկսած ապրիլի 11-ից, զորավարժություններ կանցկացնեն Սիրիայի ափի մերձակայքում: Դա, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հետեւում է ավիացիոն անձնակազմի եւ ծովագնացների համար նավիգացիոն նախազգուշացման միջազգային ծանուցումից։

Հաղորդագրություններում բերված են փակ շրջանի կոորդինատները, ինչպես նաեւ ասված է այնտեղ վարժական հրաձգությունների անցկացման մասին: Ներկայում Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ միավորման կազմում գործում են Սեւծովյան նավատորմի շուրջ 15 մարտանավեր եւ ապահովման նավեր, այդ թվում՝ «Կալիբր» թեւավոր հրթիռներ կրող «Ադմիրալ Գրիգորովիչ» եւ «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատները, ինչպես նաեւ սուզանավեր, որոնք բազմիցս Սիրիայում հարվածներ են հասցրել ահաբեկիչների օբյեկտներին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ երկրի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Harry Truman ատոմային ավիակիրի գլխավորությամբ, ապրիլի 11-ին կմեկնի Նորֆոլկից (Վիրջինիայի նահանգ) Մերձավոր Արեւելքի շրջանում պարեկության համար: Նրանց խոսքով՝ ավիակրին կուղեկցեն հրթիռակիր հածանավ եւ չորս էսկադրային ականակիրներ: Արշավի առաջին փուլում դրանց կմիանա Գերմանիայի ռազմածովային ուժերի մի ֆրեգատ:

Ապրիլի 11-ին Պենտագոնի պաշտոնատարները հայտնել են, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին: Նշվում է, որ մարտական պատրաստության են բերված դիրքերում գտնվող նավերը, ինքնաթիռները եւ թեւավոր հրթիռները: «Նախագահ Թրամփից հրամանն սպասվում է ամեն րոպե»,- ասել է զինվորական գերատեսչության ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս