ՄԻՊ 2017թ. հաղորդման առանձին գնահատականներ և որակումներ խիստ միակողմանի են. դատախազություն
Բարձր գնահատելով մարդու իրավունքների խախտումներն անհանդուրժողականորեն բարձրաձայնելուն, դրանց վերացմանը և այդպիսի իրավիճակների հանգեցնող իրավակարգավորումները չեզոքացնելուն ուղղված ցանկացած գործունեություն և կարևորելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) դերը իրավունքների երաշխավորման պետական մեխանիզմերի համակարգում, ՀՀ դատախազությունն արձանագրում է, որ «2017թ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ ներկայացված որոշ դատողություններ և որակումներ, մեղմ ասած, զուրկ են իրավական հիմնավորումից, առանձին դեպքերում խիստ միակողմանի գնահատականներ են պարունակում:
Այսպես, անդրադառնալով ընտրական իրավունքի երաշխավորման խնդիրներին և այդ համատեքստում քննարկելով 2017թ. տեղի ունեցած ընտրություններին առնչվող իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունների ստուգման թվային տվյալները՝ Պաշտպանը դրանցից չբխող հետևություն է արել այն մասին, որ արձանագրված իրողությունները բացասական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա և մտահոգություններ են առաջ բերել ընտրողների կողմից իրենց կամքի ազատ արտահայտման վերաբերյալ: Այնինչ միայն այն հանգամանքը, որ հենց Պաշտպանը ընտրակաշառքի վերաբերյալ 1000 հրապարակումներից միայն 100-ն է համարել դատավարական ճանապարհով ստուգման ենթակա և ուղարկել քրեական հետապնդման մարմիններին կամ ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ 850 հրապարակումներից միայն 131-ն է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակել, առավելապես կարող էր հանգեցնել այն հետևության, որ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ մտացածին տեղեկությունների շրջանառումը, ընտրական խախտումները բացառելուն, կանխելուն, բացահայտելուն, դրանց կապակցությամբ օբյեկտիվ քննություն իրականացնելուն ուղղված ջանքերը արհեստականորեն մրոտելու ակնհայտ միտում են ունեցել:
Նույն տրամաբանությամբ է կառուցված նաև լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ Պաշտպանի այն դատողությունը, որ լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում, որ պատասխանատվության մեխանիզմի բացակայության պատճառով ստեղծվում է անպատժելիության տպավորություն: Եզրահանգումը չի բխում հաղորդման մեջ բերված թվային տվյալներից այն մասին, որ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ որևէ հաղորդում անհետևանք չի մնացել, դարձել է պատշաճ ստուգման և քննության առարկա՝ համապատասխան դատավարական հետևանքներով: Ավելին, այդ ուղղությամբ կատարված աշխատանքը կհամարվեր ամբողջական և օբյեկտիվ ներկայացված, եթե հաղորդման մեջ նշվեր նաև պատասխանատվության մեխանիզմի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված ինստիտուցիոնալ միջոցների մասին: Մասնավորապես, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը, խոսքի ազատության հիմնարար իրավունքի արդյունավետ քրեաիրավական պաշտպանությունն ապահովելու համար 2017թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Դրանով նախատեսվող իրավակարգավորմամբ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի սուբյեկտ պետք է հանդիսանա ցանկացած անձ, այլ ոչ թե միայն պաշտոնատար անձը:
Պաշտպանն անդրադարձել է արդար դատաքննության իրավունքի ապահովման հարցերին և դրա շրջանակում քննարկել բացատրությունը որպես ապացույց դիտելու հիմնահարցը և բացասական համարել բացատրությունը որպես ապացույց դիտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազության կոլեգիայի 2016թ. դեկտեմբերի 16-ի նիստում ընդունված որոշումը: Հաղորդման մեջ ՀՀ դատախազության կոլեգիայի որոշումը ներկայացվել է դրա համատեքստից դուրս, այդ որոշումը ակնհայտ նպատակ է ունեցել բացառելու բացատրությունը որպես անվերապահ ապացույց դիտելու արատավոր պրակտիկան: Դատախազության կոլեգիայի որոշումը հիմք է ընդունել այդ կապակցությամբ եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումը և որոշման այլ կետերում պահանջ է սահմանել քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման կարգի կամ դրանց ընթացքում մարդու հիմնարար իրավունքների խախտումները բացառելու վերաբերյալ , սահմանել բացատրությունը որպես ապացույց մեղադրանքի հիմքում դնելու ողջամտորեն անհրաժեշտ բացառիկ դեպք: Վստահաբար, դատախազությունն անթույլատրելի է համարում լռելու իրավունքի խախտմամբ ստացված բացատրությունը որպես ապացույց դիտելը: Այդ կապակցությամբ կոլեգիայի որոշման հիմքում դրված վերլուծություններն ուղարկվել են դատախազության բոլոր ստորաբաժանումներին, հետաքննություն և նախաքննություն կատարող մարմիններին: Դատախազության կոլեգիայի որոշումներում բազմիցս շեշտվել է նաև առանց համապատասխան դատավարական կարգավիճակի փաստացի քրեական հետապնդման անթույլատրելիությունը, այն դիտվել է որպես հիմնարար խախտում՝ դրա կոնկրետ դատավարական հետևանքներով:
Անընդունելի են նաև դատական սանկցիայի կիրառման դեպքում ամբաստանյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի իրացման հարցի հետ կապված Պաշտպանի մտահոգությունները: Հակառակ Պաշտպանի այն դատողության, որ օրենսդրորեն սահմանված չէ, թե որն է արդարադատության գերակա շահը, որի դեպքում իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը կարող է ստորադասվել, անհրաժեշտ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1403 որոշմամբ, համապատասխան քրեադավարական նորմերի համակարգային իրավամեկնաբանությամբ, այդ իրավունքի բացարձակությունը սահմանափակելու համար բավարար արդարադատության շահը հստակեցված է:
Անդրադառնալով խափանման միջոց կալանավորումը կիրառելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների և դրանց բավարարման վերաբերյալ վիճակագրության կապակցությամբ Պաշտպանի նկատառումներին՝ չի կարելի չնկատել, որ այդ կապակցությամբ ևս կատարված աշխատանքի վկայակոչումներն ու դրա արդյունքներին տրված վերջնական գնահատականը չեն համընկնում: Հաղորդման մեջ ներկայացնելով, որ ի թիվս այլնի՝ ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել են անհիմն կալանավորման դեպքերը բացառելու և կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության աստիճանը բարձրացնելու անհրաժեշտ գործիքակազմեր՝ դրանց չհամապատասխանող հետևություն է արվել ներկայացված միջնորդությունների բավարարման բարձր ցուցանիշների՝ մտահոգիչ լինելու մասին: Պաշտպանն իր դիտարկումներում առաջնորդվում է միջնորդությունների՝ ցանկացած դեպքում անբավարար հիմնավորվածության կանխավարկածով՝ առանց հաշվի առնելու ներդրված գործիքակազմերի ազդեցությունը պրակտիկայի վրա: 2016թ. համեմատ, 2017թ. կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը նվազել է 180-ով կամ 15.4%-ով: Պետք է նկատի ունենալ, որ այս արդյունքի ֆոնին է արձանագրվել 2016թ. համեմատ նախորդ տարվա ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ներկայացված միջնորդությունների բավարարման 2 տոկոսային կետով ավելացման ցուցանիշը: Այս հանգամանքն ակնհայտորեն պետք է դիտարկել որպես ոչ բավարար հիմնավորվածությամբ միջնորդություններ ներկայացնելու պրակտկայից հրաժարվելու ցուցիչ: ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով սահմանված արդյունավետ մեխանիզմերի գործողությունը կարող էր և պետք է հանգեցներ հենց կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության մակարդակի բարձրացմանն ու դրանց բավարարման ցուցանիշների աճին:
Ինչ վերաբերում է հաղորդման մեջ նշված՝ իրավունքների սահմանափակումների կոնկրետ դեպքերին, ապա անհրաժեշտ է փաստել, որ այդպիսի մի շարք դրսևորումներ չեզոքացվել են իրավապահպան ամենօրյա գործունեությամբ՝ ի իթվս այլնի, նաև Պաշտպանի հետ համագործակցության արդյունքում: Բարձրացված լինելու դեպքում հաղորդման մեջ թվարկված դեպքերը ևս կարող էին ստանալ համապատասխան լուծումներ:
Իրավունքների անհիմն սահմանափակումների նկատմամբ ՀՀ դատախազությունը անհանդուրժողական է, և այդ համատեքստում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության ինչպես կոնկրետ այնպես էլ համակարգային խնդիրների լուծման համար պատրաստ է բաց համագործակցության: