«Միջին քաղաքացին ստորագրում է որևէ փաստաթղթի տակ, որի արդյունքում կորցնում է տունը, ունեցվածքը»
Սպառողների իրավունքների պաշտպանությունը հատկապես խոցելի է թվային տնտեսության և նորարարական տեխնոլոգիաների ներդրման ժամանակաշրջանում: Լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց ԱՊՀ անդամ-երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ Ազամ Ուսմանովը, ով Երևանում մասնակցում էր խորհրդի 14-րդ նիստին:
«Թվային տնտեսությունը մտնում է մեր կյանք, մենք ձեռք ենք բերում ցանկացած հեռախոս, տաքսի պատվիրում, կազմակերպում մեր հանգիստը էլեկտրոնային եղանակով, բայց որքանո՞վ ենք պաշտպանված: Այս հարցը բաց է, և այսօրվա մեր խորհրդի քննարկման հարցերից էր առցանց առևտրի պայմաններում սպառողների իրավունքների պաշտպանությունը»,- ասաց Ազամ Ուսմանովը: Նա նշեց, որ պատրաստվում են ընդհանրական նյութ պատրաստել ու այն քննարկման դնել ԱՊՀ բոլոր երկրներում, որում կներկայացնեն խորհուրդներ խախտումների դեպքում պաշտպանության մեխանիզմների, այդ հարցերով զբաղվող մարմինների հստակեցման ուղղությամբ:
Մասնագետի խոսքով` ակտուալ է նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների պաշտպանության հարցը, քանի որ հետխորհրդային երկրներում առկա է քաղաքացիների ֆինանսական գրագիտության պակասը: «Բոլորը չէ, որ ֆինանսապես գրագետ են: Բոլորս էլ լսում ենք ու տեսնում դեպքեր, որ միջին քաղաքացին ստորագրում է որևէ փաստաթղթի տակ, որի արդյունքում կորցնում է տունը, ունեցվածքը, դառնում սնանկ կամ անվարկունակ»,-նշեց նա:
«Իսկ ինչպես կարելի է բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակը» հարցին ի պատասխան` Ուսմանովն ասաց, որ պետք է «ֆինանսական գրագիտություն» առարկան դարձնել ոչ միայն համալսարանների, այլ դպրոցական ծրագրերի մաս և առաջին դասարանից սկսած երեխաներին սովորեցնել խելամիտ գործարքներ կատարել: