Պուչդեմոնը դուրս եկավ գերմանական Նոյմյունսթերի բանտից
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը ապրիլի 6-ին 75 հազար եվրո գրավի դիմաց դուրս է եկել Նոյմյունսթեր գերմանական քաղաքի բանտից: Պատժական հիմնարկից նրա դուրս գալու ուղիղ հեռարձակումը վարում էր NTV հեռուստաալիքը։ Բանտի հենց պատի մոտ Պուչդեմոնին դիմավորել են բազմաթիվ կողմնակիցներ ու լրագրողներ:
Հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ՝ նա շնորհակալություն է հայտնել բոլորին համերաշխության եւ աջակցության համար: «Եվրոպայի համար ամոթ է քաղբանտարկյալներ ունենալ»,-ասել է Կատալոնիայի նախկին ղեկավարը եւ հավելել, որ «եկել է քաղաքականությամբ զբաղվելու ժամանակը»: Ապրիլի 5-ին Շլեզվիգ-Հոլշտայնի երկրամասի դատարանը Պուչդեմոնին գրավով ազատ է արձակել նրա արտահանձնման գործի քննության ընթացքում: Դատարանը որոշել է, որ իսպանական կողմի առաջադրած խռովության մեղադրանքները չեն կարող հիմք լինել արտահանձնման համար:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշվումէ, քաղաքական գործչին Իսպանիային հանձնելու համար հիմք կարող է դառնալ պետական միջոցների ապօրինի յուրացման մեղադրանքը: Ինքնավարության նախկին ղեկավարն իրավունք չունի առանց Շլեզվիգ-Հոլշտեյնի երկրամասի գլխավոր դատախազության թույլտվության մեկնել ԳԴՀ-ի տարածքից: Շաբաթական մեկ անգամ նա պարտավոր է ներկայանալ Նոյմյունսթերի ոստիկանություն, ինչպես նաեւ պարտավոր է հայտնել Գերմանիայում իր գտնվելու վայրի փոփոխման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: