Քննչական կոմիտեն՝ գողությունների մեջ մեղադրվող կնոջ գործի մասին
Վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվում են 2018 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի և իրավապաշտպանի հայտարարությունները՝ Հ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքների և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված պատժաչափի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ ի պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ ստորև ներկայացնում ենք համապարփակ տեղեկատվություն մինչդատական վարույթի վերաբերյալ։
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում 2015-2017թթ. հարուցվել է երեք քրեական գործ՝ Հ.Սարգսյանի կողմից կատարված գողությունների դեպքերի առթիվ, որոնք մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Սարգսյանին 2015թ. նոյեմբերին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 2016թ. փետրվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ի կետով, իսկ 2017թ. օգոստոսին՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ի կետով: Նշված քրեական գործերով նախնական քննության փուլում քննիչը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատաքննության արդյունքների և նշանակված պատժաչափի ու տեսակի վերաբերյալ հարցադրումները մինչդատական վարույթի իրավասությունից դուրս են։ Ինչ վերաբերում է մեղադրյալի այն հայտարարությանը, թե, իբր, 2017 թվականին արձանագրված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը կիրառել է քննության խորթ մեթոդ և քանոնով սպառնացել է ընդունել մեղքը, ապա կոչ ենք անում նրան՝ օրենքով սահմանված կարգով ներկայացնել հաղորդում, ինչը հնարավորություն կտա իրավասու մարմնին պարզել բոլոր հանգամանքները և բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննության արդյունքում համապատասխան անձանց գործողություններին տալ համարժեք քրեաիրավական գնահատական։