
ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց ՌԴ-ի 38 քաղաքացիների և 15 կառույցների դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ալեքսեյ Միլլերի, Վիկտոր Վեկսելբերգի, Անդրեյ Կոստինի եւ Սուլեյման Քերիմովի, ինչպես նաեւ Օլեգ Դերիպասկայի նկատմամբ: Այս տեղեկատվությունը, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 6-ին զետեղվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում: Սահմանավակումների տակ են հայտնվել Ռուսաստանի յոթ ձեռնարկատերեր, ինչպես նաեւ նրանց հսկողության տակ գտնվող 12 ընկերություններ։
«ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների նկատմամբ հսկողության վարչությունը պատժամիջոցներ է սահմանում ռուսաստանցի յոթ օլիգարխների եւ 12 ընկերությունների դեմ, որոնք նրանց սեփականությունն են կամ գտնվում են նրանց հսկողության ներքո»,-լրագրողների համար անցկացված բրիֆինգում ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նաեւ պատժամիջոցներ են սահմանվում Ռուսաստանի 17 պաշտոնատարների, զենքի մատակարարումներով զբաղվող ռուսական ընկերության եւ պետական մեկ բանկի նկատմամբ: Վաշինգտոնի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի նկատմամբ այս որոշումն ընդունել են «աշխարհում նրա չարամիտ գործունեության» համար, սակայն երկխոսության համար դուռը բաց է մնում:
«Ներկայիս վարչակազմը պարզորոշ հասկանալ է տվել, որ երկխոսության դուռը բաց է: Մենք Ռուսաստանի հետ պահպանում ենք կապուղիները Ուկրաինայի, Սիրիայի, սպառազինությունների վերահսկողության եւ երկկողմ բազմաթիվ այլ գործերի շուրջ»,-ասել է ԱՄՆ-ի գործադիր իշխանության ներկայացուցիչը:
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս ասել է, որ մենք ձգտում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-հիշեցրել է բրիֆինգը վարողը: Սակայն երկկողմ հարաբերությունների այդ նորմալացման համար պատասխանատվությունն ընկած է Մոսկվայի վրա»,-հայտարարել է նա: «Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի ագրեսիվ գործելակերպը: Այնքան ժամանակ, քանի դեռ նա դա չի անի, մենք կշարունակենք նրան գին պարտադրել ագրեսիայի համար»,-հավելել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: