«Ես չեմ կարծում, որ հրապարակը կիսելու խնդիր կարող է առաջանալ». Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը խնդիր չի տեսնում, որ Ազատության հրապարակում իրենց հետ միաժամանակ միջոցառումներ են նախատեսել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ օրենքի պահանջն է, որ նույնիսկ հակադիր ուժեր կարող են նույն տեղում, նույն օրը, նույն ժամին հավաք իրականացնել։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի երկրի ղեկավարման երրորդ ժամկետի դեմ պայքարելու նպատակով միանգամից 3 տարբեր ուժեր նախատեսում են հաջորդ շաբաթվանից գրեթե նույն օրերին Ազատության հրապարակում միջոցառումներ իրականացնել: Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծանուցումը՝ Ազատության հրապարակում ապրիլի 13-17-ն անընդմեջ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ծանուցումը՝ ապրիլի 9-11-ին ու 17-21-ը, և «Հանուն Հայաստան պետության ճակատի» հայտը՝ ապրիլի 2-20-ը հանրահավաքներ և երթեր իրականացնելու մասին։
«Ես չեմ կարծում, որ որևիցե խնդիր կա այս հարցում։ Եվ ես չեմ կարծում, որ հրապարակը կիսելու խնդիր կարող է առաջանալ։ Հրապարակը բոլորինն է, և ՀՀ-ում հրապարակները պետք է ներառող լինեն։ Ցանկալի է, որ բոլոր հրապարակներն այդ օրերին լինեն լեցուն»,- ասաց Զ.Փոստանջյանը՝ հավելելով, որ իրենք նախատեսել են միջոցառումներ իրականացնել ոչ միայն՝ Երևանում, այլև՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում, և գտնում են, որ այդ քաղաքական միջոցառումները պետք է լինեն ներառող, այսինքն՝ ներառեն հարավը, հյուսիսը և կենտրոնը։
Զ.Փոստանջյանը նշեց, որ մյուս ուժերից ոչ մեկի հետ ոչ մի հարց չեն քննարկել, այդ թվում՝ չեն քննարկել ուժերը միավորվելու հարցը. «Մենք կարող ենք բոլորի հետ խոսել, քննարկումներ ու խորհրդատվություններ անցկացնել՝ մեր ծրագրից ու գաղափարախոսությունից ելնելով։ Մենք պայքարում ենք ոչ թե՝ միայն Սերժ Սարգսյանի, այլ՝ համակարգի դեմ։
Շատ կարևոր է, որպեսզի ընդգրկուն շարժում լինի՝ ոչ միայն Սերժ Սարգսյանին ներառող, ոչ միայն՝ ընդդիմություն-իշխանություն հասկացությունների մեջ, այլ գոյություն ունի ռեժիմ, և կա ազգային շարժում, այս տիրույթում պետք է դիտարկենք մեր գործողությունները, և մեր ծրագիրն էլ այս տիրույթում է կազմված։ Երբ ասում ենք՝ դեմ ենք, մենք դեմ ենք ամբողջ համակարգին, մենք չենք ճանաչում, որ Հայաստանում գործում է օրինական Ազգային ժողով, օրինական նախագահություն և կառավարություն։ Հետևաբար՝ սա մի անձի դեմ խնդիր չէ, այլ համակարգային բնույթ ունեցող պայքար է, որը ռեժիմ և ազգային շարժում տիրույթում պետք է դիտարկել։
Բոլոր հրապարակներն ու փողոցները պետք է հանդես գան քաղաքական պահանջներով, իսկ քաղաքական պահանջը միայն Սերժ Սարգսյանին թույլ չտալ վարչապետ լինել-չլինելու հարցը չէ, այլ քաղաքական պահանջն այն է, որ պետք է տեղի ունենան նոր, իրական համապետական ընտրություններ, որը մենք դեռ չենք ապրել։
Ըստ էության, անցած 30 տարին մենք փոշիացրել ենք և օրինական կարգով ընտրություններ չենք անցկացրել։ Երբ քո ազգի հիմնական հատվածը չի մասնակցում ընտրությունների, ապա համարել այդ գործընթացը՝ որպես ընտրություններ, և դրա հետևանքով ձևավորված խորհրդարանը համարել՝ որպես Ազգային ժողով, դա չի կարող լինել, որովհետև դա չի ներառում քո ազգի բոլոր հատվածները»։
Զ.Փոստանջյանի կարծիքով՝ եթե այլ հրապարակներում մարդկանց ներկայությունն ու քաղաքական պահանջը չլինի, ապա պայքարը չի կարող ունենալ այն հաղթանակը, որ բոլորն են ակնկալում.
«Մենք աշխատում ենք, որքան լավ աշխատենք, այնքան հաջողությունն ավելի մոտ կլինի, հաղթանակը շուտ կարձանագրենք։ Կարևոր չէ՝ մարդիկ շատ են, թե քիչ, կարևոր է, որ մարդիկ դուրս են գալիս փողոցներ գաղափարի շուրջ, ոչ թե ուղղակի ինչ-որ մի կարգախոսի ներքո։ Գաղափարը շատ կարևոր է, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունենում գաղափարի ներքո, դա մշտապես ունենում է հաղթանակ։ Դա տեսել ենք 30 տարի առաջ Արցախյան շարժման ժամանակ։
Իսկ երբ բոլոր հրապարակները լեցուն էին որոշ քաղաքական իրադարձություններից հետո, և ընդդիմություն-իշխանություն պայքարի տիրույթում էր, այդ հրապարակները, թեև մարդաշատ էին, բայց արագ դատարկվում էին։ Միայն իշխանափոխության պահանջը քիչ է, պետք է գնալ համակարգային փոփոխության, պետք է համախմբվել՝ հանուն ազգային շարժման և ապազգային համակարգի դեմ տիրույթում»։