Եվրահանձնաժողովում հրաժարվեցին օժանդակել Nord Stream 2-ի կառուցմանը
«Հյուսիսային հոսք 2» (Nord Stream 2) գազատարը, եթե այն կառուցեն, կխախտի թափանցիկության եւ դրանից օգտվելու հնարավորության հավասարության սկզբունքները: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) էներգետիկայի հարցերի գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Դոմինիկ Ռիստորին:
«Եթե այդ հոսքը կառուցվի, այն կխախտի թափանցիկության, անխտրականության եւ օգտվելու հավասար հնարավորության սկզբունքները: Nord Stream 2-ի կառուցումը չի համապատասխանում այն նպատակներին, որոնք իր առջեւ դնում է Եվրամիությունը»,- ասել է նա ապրիլի 6-ին Կիեւում կայացած ճեպազրույցում:
«Մեր դիրքորոշումը հստակ է. մենք կարծում ենք, որ Nord Stream 2-ը չի աջակցում գազի աղբյուրների եւ մատակարարման ուղեգծերի բազմազանեցմանը: Եթե գազատարը կառուցեն, այն օժանդակություն չի ստանա Եվրահանձնաժողովի կողմից»,- ընդգծել է Ռիստորին: Ավելի վաղ իրենց բացառիկ տնտեսական գոտում գազատարի կառուցման եւ շահագործման թույլտվություն են տվել Գերմանիան եւ Ֆինլանդիան:
Բացի Ռուսաստանից, իրենց թույլտվությունները պետք է տան նաեւ Դանիան եւ Շվեդիան: Nord Stream 2 գազատարը ձգվելու է Բալթիկ ծովով՝ Ռուսաստանի մատակարարներին միացնելով Եվրոպայի սպառողների հետ, դրա երկարությունը կկազմի ավելի քան 1,2 հազար կիլոմետր: Ենթադրվում է, որ գազատարի թողունակությունը կկազմի տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ: Նախագծի արժեքը գնահատվում է գրեթե 10 մլրդ եվրո: Հավելենք, որ նախագծի գործընկերներն են՝ «Գազպրոմ»-ը, Engie-ն, OMV-ն, Shell-ը եւ գերմանական երկու ընկերություններ՝ BASF-ը եւ Uniper-ը: