Գյումրու հին քաղաքապետարանի շենքում ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունն է տեղակայվելու
Վերջերս Շիրակացի 68 հասցեում գտնվող Գյումրու հին քաղաքապետարանի շենքում շինարարական աշխատանքներ են իրականացվում: Կարմիր տուֆից կառուցված այս շենքի աստիճանների մոտ քանդված քարեր են նկատվում:
168.am-ը փորձեց շենքի բարեկարգման աշխատանքներն իրականացնող շինարարներից ճշտել՝ ի՞նչ նպատակի համար է ծառայելու հիմնանորոգված շենքը:
Շինարարներից ոմանց խոսքերով, այստեղ միլիցիայի բաժանմունք է տեղակայվելու:
Լուրը ճշտելու համար փորձեցինք դիմել Գյումրու ոստիկանության «Մուշի» և «Կումայրիի» բաժանմունքներ, ինչպես նաև ոստիկանության՝ Շիրակի մարզային վարչություն: Սակայն մեզ չհաջողվեց այս կառույցներից որևէ տեղեկատվություն ստանալ: Ըստ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության տվյալների՝ Գյումրու քաղաքապետարանի նախկին շենքի հետ ոստիկանությունը որևէ առնչություն չունի և շինարարական աշխատանքներ չի իրականացնում:
Դիմեցինք Գյումրու քաղաքապետարան, որտեղից մեզ փոխանցեցին, որ հին քաղաքապետարանի շենքում ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունն է տեղակայվելու:
Ի դեպ, Ռուսթավելի փողոցում է գտնվում Ոստիկանության նորակառույց շենքը, որի շինարարությունը Գյումրիում ընթանում է արդեն մի քանի տարի՝ սկսվելով 2015 թվականից:
Այստեղ են տեղակայվելու ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը, Ոստիկանության Գյումրու «Կումայրի» բաժինը և Ճանապարհային ոստիկանությունը։
Երբ սկսվել էր այս շենքի շինարարությունը, դեռևս խոսք չկար Ռուսթավելի փողոցի շինարարության մասին: Սակայն, երբ մեկնարկեցին այս փողոցի շինարարական աշխատանքները, շատերի համար այլևս անցանկալի էր տեսնել Ոստիկանության շենք Ռուսթավելի փողոցում, որը զբոսաշրջության կենտրոնի է վերածվել:
«Իհարկե, կարելի է՞ այս նորակառույց շենքն այլ նպատակների համար ծառայեցնել: Ոստիկանության գործունեության համար թող այլ շենք կառուցեն, մեկ այլ վայրում: Չնայած, առանց այդ էլ Հայաստանում ոստիկանների թիվը շատ է, համապատասխան շենքերի թիվը՝ ևս: Մենք կարիք չունենք Ոստիկանության բազմաթիվ շենքերի կառուցման»,- մեզ հետ զրույցում նշեց Խաչիկ պապը:
Անահիտ Սիմոնյան