Բաժիններ՝

Կառավարությունում քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է համայնքներից ստացված սուբվենցիաների ծրագրային 40 հայտերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 371 մլն դրամ է: Նշված գումարից համայնքների ներդրումը կազմում է 791 միլիոն դրամ, իսկ մնացած մասը պետական աջակցությունն է: Հայտերը վերաբերում են համայնքային նշանակության ծրագրերի, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել փողոցային լուսավորություն, կոյուղագծերի կառուցում, փողոցների ու ճանապարհների բարեկարգում ու հիմնանորոգում, մանկական այգու ստեղծում ու համայնքային պուրակների կառուցապատում, մանկապարտեզների վերանորոգում, ջրագծերի կառուցում և այլն:

Դավիթ Լոքյանի ներկայացմամբ՝ բոլոր ծրագրերը մանրամասն քննարկվել են շահագրգիռ գերատեսչությունների կողմից, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրերի արդյունավետությունը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնվեն գերատեսչությունների առաջարկությունները, որպեսզի ձևավորվեն իրատեսական ծրագրեր: Նա նաև հորդորել է խրախուսել ու ամենայն աջակցություն ցուցաբերել արդյունավետ աշխատող և իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող համայնքապետներին:

Քննարկումների ընթացքում որոշվել է վերոնշյալ 40 ծրագրային հայտից 3-ին առայժմ հավանություն չտալ՝ համայնքների կողմից համաֆինանսավորման ոչ բավարար ծավալի պատճառով, որպեսզի վերջիններս կարողանան սահմանված ծավալով կատարել համաֆինանսավորման իրենց պարտավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս