
Ստեփանակերտը նոր մանկապարտեզ կունենա

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ պետբյուջեի համաֆինանսավորմամբ Ստեփանակերտի Տիգրան Մեծի 33 շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքում կբացվի նոր մանկապարտեզ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արաքս գրուպ» կապալառու կազմակերպության ինժեներ Դավիթ Մարությանը՝ նշելով, որ շինարարական աշխատանքները սկսվել են 2018 թվականի փետրվարից:
Նրա խոսքով՝ ներկայումս ընթանում է շենքի ներսի միջսենյակային պատերի շարվածքի աշխատանքները:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 684 քառ./մ:
«Նախատեսվում է կառուցել բոլոր հարմարություններով ժամանակակից ստանդարտներին համապատասխան մանկապարտեզ: Այստեղ գործելու է 3 խումբ, յուրաքանյուր խմբում 18 երեխա: Քանի որ մանկապարտեզը բանուկ փողոցին հարող տարածք է, այն հետագայում նաև կբարեկարգվի ու կցանկապատվի: Շենքի բակում երեխաների համար կառուցվելու է խաղահրապարակ, տեղադրվելու են բացօթյա տաղավարներ և մանկական ատրակցիոններ»,-ավելացրել է Դ. Մարությանը: