«Յուվենթուսը» դիտարկում է ամռանն Անչելոտիին հրավիրելու տարբերակը
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի խաղում «Ռեալից» կրած պարտությունից հետո (0:3) «Յուվենթուսի» ղեկավարությունը սկսել է մտածել մրցաշրջանի ավարտից հետո թիմի հնարավոր վերակառուցման մասին: Խոսքը գնում է ոչ միայն մի շարք ֆուտբոլիստների հրաժեշտ տալու մասին, այլ նաև Ալեգրիի մասին, ով արդեն 4 մրցաշրջան աշխատում է թուրինյան ակումբի հետ:
Իտալացի մասնագետ Լուկա Մոմբլանոն պնդում է, որ 50-ամյա մարզիչը թիմին արդեն հայտնել է, որ ամռանը պատրաստվում է հեռանալ: Ալեգրիի հեռանալու դեպքում «Յուվենթուսի» համար առաջնային տարբերակ է հանդիսանում Կարլո Անչելոտին:
58-ամյա իտալացին աշխատանք չունի սեպտեմբերից՝ «Բավարիայից» հեռացվելուց հետո: Նա արդեն աշխատել է «Յուվենթուսում» 1999-2001թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը