Բաժիններ՝

«Բա ո՞ւր եք, դուրս ելեք վիրուսների ու բակտերիաների դեմ կռիվ տվեք…». ԱՆ պաշտոնյա

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ցավով արձանագրում է Հայաստանում կարմրուկի և կապույտ հազի հաղթարշավի մասին: Ֆեյսբուքյան իր էջում Գայանե Սահակյանը գրել է, որ գրանցվել են կարմրուկով հիվանդանալու 15-րդ, կապույտ հազով` 31-րդ դեպքերը, ինչի հիմնական պատճառը մարդկանց չպատվաստված լինելն է:

«Կանխատեսվում է, որ այս շքերթին կմիանան նաև խոզուկի վիրուսը, դիֆթերիայի բակտերիան, պապիլոմա վիրուսն էլ կողքից կուրախանա: Բա հո մենակ չէ՞ր մնալու: Սարսափելի կլինի, եթե այս հաղթարշավը եզրափակեն հենց դիֆթերիան ու պոլիոմիելիտը…

Վերջապես կհիշենք 1994 թվականի Հայաստանն ու 2010-ի Տաջիկստանը: Հետևանքներն, իրոք, սարսափելի կլինեն: Ժողովուրդ ջան, վա՞տ էր, մամաներ ջան, գոհ չէի՞ք, որ ապրում էիք մոռացած էս հիվանդությունները, վա՞տ էր որ երեխաների առողջությունը վտանգված չէր, վա՞տ էր, որ նույն ձևով քաղցկեղի մի տեսակ հնարավոր էր վերացնել: Իսկ ո՞ւ ր են այն չակերտավոր հանրային առողջության մասնագետները՝ անալիտիկ-վերլուծաբան, գրող-հրապարակախոս, մաթեմատիկ-հանրային առողջության մասնագետ ձևացող, փաստաբան, ֆինանսիստ-բանկիստ, լրագրող, պատգամավոր, վայ բժիշկ… էլ արդեն հաշիվն ու ցանկն էլ խառնել եմ: Դարձել էիք իմունիզացիայի կարկառուն դեմքեր:

Բա ո՞ւր եք, դուրս ելեք վիրուսների ու բակտերիաների դեմ կռիվ տվեք: Ինչո՞ւ շահարկեցիք մի ոլորտ, որն իրոք էս խղճուկ երկրում կայացել էր, ո՞րն էր ձեր շահը, որը վեր էր հանրայինից: Ինչո՞ւ քաղաքականացրիք, ինչո՞ւ խեղճ ժողովրդին մոլորեցրիք: Տխուր է, շատ տխուր: 10 տարի պահանջվեց, որ քայլ առ քայլ առաջ գնանք, բայց շատ կարճ ժամանակում՝ մեծ քայլերով հետ գնացինք դեպի անգրագիտություն»,- գրել է Գայանե Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս