Բաժիններ՝

«Սանիթեք»-ի մեքենայի կողաշրջվելու հետևանքով կա մեկ զոհ, վիրավորի վիճակը կայուն ծանր է

Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով ուղևորներից մեկը մահացել է, իսկ մյուսը հոսպիտալացվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «SCANIA» մակնիշի բեռնատար մեքենան (վարորդ՝ Գ. Խ., մոտ 25 տարեկան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: «Մեր փրկարարները մեքենայից դուրս են բերել ուղևոր 1998 թվականին ծնված Օ. Վ.-ին, ում հոսպիտալացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան ուղղելուց հետո՝ ԱԻՆ աշխատակիցները դուրս են բերել երկրորդ ուղևոր Հ. Ա.-ի դին ( մոտ 20 տարեկան)»,- ասացին ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ահազանգը ստացվել է ապրիլի 6-ին ժամը 03:24-ին, սակայն ուղևորի դիակը հնարավոր է եղել դուրս բերել 07:53-ին։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ վիրավոր 20-ամյա Օ. Վ.-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն։ «Տղայի մոտ ոսկրային կոտրվածքներ չկան, սակայն առկա է թոքերի և ոտքի փափուկ հյուսվածքների սալջարդեր։ Նրա գիտակցությունը տեղն է և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասացին «Էրեբունի» ԲԿ-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս