Իսպանիան «հարգում է» Պուչդեմոնին ազատ արձակելու գերմանական դատարանի վճիռը
Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը «հարգում եւ ենթարկվում է» Գերմանիայի դատարանի այն վճռին, որ խռովության մեղադրանքը չի կարող հիմք լինել Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին Իսպանիային հանձնելու համար: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը:
«Դա անկախ արդարադատության աշխատանքի ցուցադրումն է, այստեղ՝ Իսպանիայում, Գերմանիայում եւ Եվրամիության բոլոր երկրներում»,- հայտարարել է Կատալան՝ նշելով, որ «անհրաժեշտ է հարգել դատավորների ժամանակն ու անկախությունը»:
Ապրիլի 5-ին Շլեզվիգ-Հոլշտայնի երկրամասի դատարանը Պուչդեմոնին գրավով ազատ է արձակել նրա արտահանձնման գործի քննության ընթացքում: Դատարանը որոշել է, որ իսպանական կողմի առաջադրած խռովության մեղադրանքները չեն կարող հիմք լինել արտահանձնման համար: Միեւնույն ժամանակ, ինչպես նշվում է, քաղաքական գործչին Իսպանիային հանձնելու համար հիմք կարող է դառնալ պետական միջոցների ապօրինի յուրացման մեղադրանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: