Բաժիններ՝

Լոնդոնը կրակի հետ է խաղում, հայտարարել է Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ Մոսկվայի խնդրանքով կայացած նիստում Ռուսաստանը Մեծ Բրիտանիային մեղադրել է Սկրիպալի գործի հորինման մեջ: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Բրիտանիայի իշխանություններին նախազգուշացրել է, որ նրանք կրակի հետ են խաղում՝ Մոսկվային մեղադրելով Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների դեմ մահափորձի մեջ, տեղեկացնում է BBC-ն:

Նեբենզյան գանգատվել է, որ Ռուսաստանի հյուպատոսին թույլ չեն տալիս տեսակցել Յուլյա Սկրիպալի հետ, որը Ռուսաստանի քաղաքացի է: Նա նաեւ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է Մոսկվայի հետ համագործակցելուց, որ Լոնդոնը թույլ չի տալիս հետաքննությանը մասնակցել ռուսաստանցի քննիչներին եւ հրաժարվում է նոր տեղեկատվություն հայտնելուց:

Նեբենզյայի խոսքով՝ Ռուսաստանին մեղադրել են հանցագործության մեջ՝ չներկայացնելով ծանրակշիռ ապացույցներ: Նա մի քանի անգամ կրկնել է, որ Մոսկվան ոչ մի առնչություն չունի Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման հետ:

Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Քարեն Փիրսը հայտարարել է, որ իր երկրի գործողությունները համապատասխանում են բոլոր միջազգային նորմաներին, եւ որ հետաքննությանն իր փորձագետներին մասնակցել թույլ տալու ռուսական կողմի պահանջները հիշեցնում են հրդեհի հետաքննությանը մասնակցելու հրձիգի պահանջները:

Սկրիպալին եւ նրա դստերը Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում գտել են մարտի 4-ին: Լոնդոնը մահափորձի պատասխանատվությունը բարդել է Մոսկվայի վրա: Ռուսաստանը ժխտում է բոլոր մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս