Բաժիններ՝

Շինարարական աղբի կուտակումներ՝ Գյումրու երկրորդական փողոցներում

Գյումրիում սեփական տներում և շենքերի բնակարաններում շինարարական աշխատանքներ իրականացնելուց հետո կուտակված շինարարական աղբը շատ դեպքերում լցնում են երկրորդական փողոցներում:

Բնակիչները զլանում են, երբեմն նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսական միջոցներ են ծախսելու, չեն ցանկանում կուտակված շինաղբը սեփական միջոցներով տեղափոխել Գյումրու գլխավոր աղբավայր:

Գյումրու քաղաքապետարանը փողոցներում կուտակված շինարարական աղբն աղբատար մեքենաների միջոցով չի հավաքում և տեղափոխում աղբավայր, այլ միայն աղբարկղերում կուտակված կենցաղային աղբն է տեղափոխում:

«Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի խոսքով, երբ իրենց կենտրոնն անօթևաններին բնակարաններ է հատկացնում, քանդում է տնակները, կուտակված աղբն էլ տեղափոխում են Գյումրու գլխավոր աղբավայր:

«Մենք հիմնականում մաքրում ենք այն տարածքները, որոնք համայնքային սեփականություն են հանդիսանում և չեն հանդիսանում որևէ անհատի սեփականություն»,- նշեց Վահան Թումասյանը:

Նշենք, որ տնակները քանդելու արդյունքում երբեմն Գյումրու որոշ տարածքներում ստեկլովատ՝ ապակյա բամբակներ էին կուտակվում: Ջերմամեկուսիչ այս նյութը քամու արդյունքում դեսուդեն էր տարածվում՝ վնասելով մարդկանց առողջությանը:

Այն շնչառական ուղիների միջոցով կարող է տեղափոխվել թոքեր, ուստի քաղաքում՝ որևէ տեղ, դրա կուտակումն անթույլատրելի է:

Նկատենք, սակայն, որ վերջին շրջանում Գյումրիում ապակյա բամբակների կուտակումները նվազել են, նախկինում դրանց թիվը մեծ չափերի էր հասնում:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս