«Թուրքիան ամբողջ աշխարհին ստիպեց հաշվի նստել իր կայացրած որոշման հետ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Պուտինի և Էրդողանի հանդիպումը վերջին տարիներին Թուրքիայի ակտիվ քաղաքականության հետևանքն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետն ասաց, որ Թուրքիայի քաղաքականությունն ավելի է ագրեսիվացել.

«Ամենից շատ մտահոգում է այն, որ Թուրքիան կարողանում է պայմանավորվել իր հարցերի շուրջ գերտերությունների հետ, անգամ նրանց հետ, ովքեր հակադիր քաղաքական կամ աշխարհաքաղաքական շահ ունեն տարածաշրջանում։ Դրա ցայտուն օրինակներից մեկը Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողություններն էին։

Մենք տեսանք, որ Էրդողանի իշխանությանը հաջողվեց ռազմական հաջող օպերացիա իրականացնել այն պարագայում, երբ հակառակ կողմից կար ԱՄՆ-ի լուրջ հակազդեցությունը։ Բայց Թուրքիան կարողացավ հետևողական լինել իր նպատակներում, սկսել այդ ռազմական գործողությունը, հաջողության հասնել, հետո ամբողջ աշխարհին ստիպել՝ հաշվի նստել իրենց կայացրած որոշման հետ»։

Նրա կարծիքով՝ Էրդողանը՝ որպես հաղթանակած կողմ, ուժի դիրքերից է բանակցում կամ քաղաքականություն վարում տարածաշրջանում.

«Այսինքն՝ հաղթել է և հիմա իր պայմաններն է թելադրում, որոնք ընդունում են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք շահ են հետապնդում Մերձավոր Արևելքում և ներգրավված էին սիրիական հակամարտության մեջ։ Ռուսաստանը բացառություն չէ։ Մենք տեսանք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ընթացքը սկսվեց կոնֆլիկտով՝ կապված ռուսական ինքնաթիռի խոցման հետ, բայց շարունակելով և հետևողական լինելով իր քաղաքականության մեջ, ըստ էության, որևէ զիջումների չգնալով՝ Թուրքիան հասնում է նրան, որ Ռուսաստանը վերսկսել է բոլոր տիպի հարաբերությունները նրա հետ։

Դա և՛ ռազմաքաղաքական համագործակցություն է, և՛ տնտեսական ներդրումներ, որովհետև գիտենք, որ Պուտինի երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Էրդողանի հետ հիմք դրվեց ատոմային կայանի շինարարությանը, որը 21 մլրդ դոլարի ներդրում է պահանջում։ Ավելին, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հակաօդային պաշտպանության S-400 համակարգերն ավելի շուտ ժամկետներում մատակարարվեն Թուրքիային»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովին, քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Թուրքիայի գործողություններն Աֆրինում որևէ քննադատության չարժանացան ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի կողմից.

«Ընդհակառակը, անգամ որոշակի աջակցություն կար՝ պայմանով, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանվելու է, և հետագայում այդ գրավված տարածքները վերադարձվելու են Սիրիայի իշխանության տակ։ Ես չգիտեմ՝ որքանով այդ պայմանը կպահպանվի, բայց փաստն այն է, որ այս փուլում Էրդողանը շարունակում է իր գործողությունները, և, ըստ էության, Սիրիայում իր ազդեցության մեծացման երկրորդ փուլին է անցել, այն է՝ գրավված տարածքները վերաբնակեցվում են Թուրքիայում ապաստան գտած սիրիացիներով, որոնք Թուրքիայի գերիշխանությունն ընդունելու տրամադրություններ ունեն»։

Տեսանյութեր

Լրահոս