
Մաքմաստերը հրաժեշտի ճառում քննդատության տարափ է թափել Ռուսաստանի վրա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ-լեյտենանտ Հերբերտ Մաքմաստերը, որին այդ պաշտոնում կփոխարինի Ջոն Բոլթոնը, իր հրաժեշտի ճառում քննդատաության տարափ է թափել Ռուսաստանի վրա:
Նրա խոսքով՝ Մոսկվան «ագրեսիայի հին ու նոր ձեւեր է օգտագործել միջազգային խաղաղության եւ կայունության» վիժեցման համար, այդ թվում՝ քաղաքական եւ տնտեսական միջոցների, ինչպես նաեւ կիբեռգրոհների օգնությամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Կրեմլի մարտավարությունը ներառում է «ներթափանցում սոցիալական ցանցեր, քարոզչության տարածում, տեղեկատվության՝ որպես զենքի եւ քայքայիչ գործունեության այլ ձեւերի եւ լրտեսության օգտագործում», հայտարարել է Մաքմաստերը:
Նա գովել է Դոնալդ Թրամփի վարչակազմին ռուս դիվանագետներին արտաքսելու համար՝ նշելով, որ այդ որոշումը կօգնի պաշտպանելու ամերիկյան «ժողովրդավարական ինստիտուտները եւ գործընթացները»: Նույն օրն ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ: Նրա խոսքով՝ բոլորը համաձայն են դրան, բացի «հիմար մարդկանցից»: