Բաժիններ՝

ՄԱԿ-ը 2 մլրդ դոլար է հանգանակել Եմենին նվիրված դոնորական խորհրդաժողովում

ՄԱԿ-ին հաջողվել է 2 մլրդ դոլար հանգանակել Եմենին նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովի ընթացքում, որն ապրիլի 3-ին կայացել է Ժնեւում: Այդ մասին լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Մենք հասանք 2 մլրդ դոլար գումարին: Անցյալ տարվա համեմատությամբ, երբ մենք հանգանակեցինք 1,1 մլրդ դոլար, դուք տեսնում եք, որ մենք գործնականում կրկնապատկել ենք այդ գումարը»,-ասել է Գուտերիշը: Նրա խոսքով՝ երկրները նաեւ պայմանավորվել են տարվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու շուրջ: «Այնպես որ մենք շատ լավատես ենք այն բանում, որ կհասնենք անհրաժեշտ ֆինանսավորման մակարդակին»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գուտերիշն ընդգծել է, որ Եմենում իրադրությունը կարելի է կարգավորել միայն բանակցությունների ճանապարհով: Ապրիլի 3-ին Ժնեւում ընթանում է Եմենին օգնելուն նվիրված բարձր մակարդակի միջազգային դոնորական խորհրդաժողով: ՄԱԿ-ն ակնկալում է 2,96 մլրդ դոլար հավաքել 2018 թվականին երկրի 13 մլն բնակիչների համար հումանիտար օգնության ծրագիրը ֆինանսավորելու համար:

Եմենում 2014 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը, որում, մի կողմից, մասնակցում են ապստամբ հուսիթները շիաների «Անսար Ալլա» շարժումից, մյուս կողմից՝ կառավարական զորքերն ու նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի նկատմամբ լոյալ աշխարհազորը:

Իշխանություններին օդից ու ցամաքից պաշտպանում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, ինչին ի պատասխան հուսիթները պարբերաբար հրթիռներ են արձակում Սաուդյան Արաբիայի տարածքի ուղղությամբ: Եռամյա հակամարտության զոհերի ստույգ թիվը հայտնի չէ, 2016 թվականին ՄԱԿ-ում խոսում էին տասը հազար մարդու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս