«Դիվանագետների արտաքսման հարցում առաջինը պետք է կանգ առնի Արևմուտքը». Լավրով
Հարցը, թե որքան հեռու կարող են գնալ դիվանագետների փոխադարձ արտաքսումները, Ռուսաստանից չի կախված, պետք է կանգ առնի Արեւմուտքը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 2-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Թե որքան հեռու մենք բոլորս կգնանք, մեզանից չի կախված: Դիվանագիտության մեջ կա փոխադարձության սկզբունք, այն ոչ ոք չի չեղարկել: Այդ սկզբունքը կիրառվելու է հետեւողականորեն»,-նշել է Լավրովը: «Առաջ՝ երեխա ժամանակ, մենք ասում էինք՝ ով առաջինն է սկսել, նա էլ պետք է կանգ առնի: Մենք չենք ցանկանում նմանվել մանկական խաղերին, բայց առայժմ մեր գործընկերները հենց դրանով են զբաղվում»,-ընդգծել է նախարարը: Նրա խոսքով՝ ներկայում շատ է խոսվում սառը պատերազմի ու այն մասին, որ «իրադրությունն ավելի վատ է, քան դասական սառը պատերազմի ժամանակ, որովհետեւ այն ժամանակ կային ինչ-որ կանոններ, պահպանվում էին ինչ-ինչ պատշաճություններ»:
«Այժմ մեր արեւմտյան գործընկերները, նկատի ունեմ, նախեւառաջ, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ մի քանի երկրներ, որոնք կուրորեն հետեւում են նրանց, բոլոր պատշաճությունները մի կողմ են նետել, դիմում են բացահայտ ստի, բացահայտ ապատեղեկատվության: Մենք դրան պատասխանում ենք բավականին հանգիստ, սառնասրտորեն, ասում ենք, որ բոլոր մեղադրանքները, բոլոր պնդումներն անհրաժեշտ է հիմնավորել փաստերով»,-հայտարարել է Լավրովը: