
Արցախում հայտնաբերված արտառոց քարաբեկորները կենթարկվեն մանրամասն հետազոտության

Արցախում հայտնաբերված քարաբեկորները, որոնք տեղադրված են Արցախյան լեռների տափաստանամերձ հատվածի արևելյան լանջերից մեկի վրա և զբաղեցնում են մոտ մեկ քառակուսի կիլոմետր տարածք, բնական գոյացություններ են:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, քարաբեկորների համեմատաբար ամբողջական օրինակներն իրենցից ներկայացնում են մոտավոր կիսագնդաձև կամ կիսաձվաձև ծավալներ՝ բաղկացած իրար մեջ ներառված երկու թասաձև և մեկ գնդաձև ծավալներից:
«Արտաքնապես սրանք, կարծես, կենտրոնական «դեղնուցից» և երկու իրար մեջ առնված «սպիտակուցներից» բաղկացած հսկայական ձվեր լինեն, որոնք, ինչ-որ «հրաշքով», քարացել են և երկատվել՝ կտրվածքում ցուցադրելով երկու «սպիտակուցների» ավելի կարծր եզրերը, կենտրոնի գունդը, նրա մի մասը, կամ էլ ժամանակի ընթացքում տեղից դուրս եկած գնդի փոսորակը»,-ասաց Համլետ Պետրոսյանը:
Նա վստահեցրեց, որ քարաբեկորները բնական ծագում ունեն: Քարերի վրա արհեստական կտրվածքների, տաշվածքի կամ հղկման հետքերն իսպառ բացակայում են:
«Միայն երկու դեպքում կարելի վավերացնել, որ մարդիկ փորձել են հանել գունդը կամ նրա մի մասը: Բոլոր դեպքերում իրենց արտառոց տեսքով այս քարերը, երևի, առանձնակի ուշադրության են արժանացել և բացառված չէ, որ հետագա մանրամասն հետազոտությունները կարող են երևան բերել դրանց մշակութայնացման այլ փաստեր ևս»,-ասաց նա:
Քարաբեկորները հայտնաբերել էր Մարտակերտի բնակիչ Նարեկը, ով ամիսներ առաջ նկատելով այս բեկորները, հայտնել է այդ մասին Մարտակերտի պատմերկրագիտական թանգարանի աշխատակիցներին և նրանց միջոցով նաև Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանին: Քարաբեկորները հետագայում մանրամասն հետազոտության կենթարկվեն: