«Կարո՞ղ է՝ վաղն ինչ-որ խնդիրներ առաջանան Արցախում, մենք ցանկանանք գնալ, ու այդ ստորաբաժանումն այլ հարցերով զբաղվի, այլ ոչ թե՝ իր զինվորներով». Ստեփան Գրիգորյան
1995թ. ստորագրված, իսկ 1996թ. վավերացված պայմանագիրը՝ Հայաստանում ռուսական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ, չի նախատեսում այլ ռազմական ստորաբաժանումների տեղակայում Հայաստանում։ Այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Միակողմանի դաշինք. ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտմամբ տեղակայվելու են Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
«Ռազմական ոստիկանությունը ստեղծված է ՊՆ-ի շրջանակներում, բայց գործառույթները ոստիկանական են։ Բազային պայմանագրում դրա չկա և չէր էլ կարող լինել, քանի որ Ռուսաստանի Ռազմական ոստիկանությունը ստեղծվեց 2011 թվականին՝ ՊՆ-ի ներսում։ Եթե մեր կառավարությունն ուզում է դա բերել, ուրեմն, նախ պետք է քննարկենք՝ ինչ հիմունքներով։ Եթե պետք է, թող պատրաստվի նոր պայմանագիր, որը պետք է անցնի բոլոր փուլերով։
Բայց տարբեր պետությունների ուժային կառույցների տեղակայման մասով միշտ պետք է տարբեր սցենարներ նայենք։ Չեմ ասում՝ անպայման վատագույն սցենարը պետք է զարգանա, բայց պետք է նայենք՝ մեր շահերից ելնելով։ Այդ ստորաբաժանումները, որքան հասկանում ենք, պետք է կարգ ու կանոն հաստատեն ռազմական բազայում։ Շատ լավ, եկեք՝ քննարկենք՝ ինչ հիմունքներով, օրինակ, եթե ռազմաբազայից մեկ կամ 10 զինվոր են փախչել, իրենք ռազմաբազայից իրավունք ունե՞ն դուրս գալ, թե՞ ոչ։ Պայմանագիրն այդ առումով կարևոր փաստաթուղթ է, որը կկարգավորի այդ հարաբերությունները»,- ասաց Գրիգորյանը.
Գրիգորյանը չի հասկանում, թե Երևանում նմանատիպ ստորաբաժանումներ հաստատելու ի՞նչ անհրաժեշտություն կա, ինչպես գրվել է ռուսական մամուլում. «Դուք գիտեք, որ այստեղ կա իրենց շտաբը և «Էրեբունի» օդանավակայանը, որտեղ իրենց սպայական կազմն է։ Ես չեմ հասկանում, թե ինչ կարգ ու կանոն են իրենք ուզում հաստատել»։
Քաղաքագետն այս ամենին նայում է՝ Հայաստանի շահերից ելնելով՝ հաշվի առնելով հայ ժողովրդի փորձը. «Հայ բոլշևիկները կազմալուծում էին մեր բանակը, որովհետև իրենք հավատում էին, որ Կարմիր բանակը կգա, ամեն ինչ լավ կլինի։ Եկավ Կարմիր բանակը՝ հանձնեց Նախիջևանը, Կարսը, Ղարաբաղը։ Պատմական փորձն ինձ հուշում է, որ մենք պետք է զգույշ լինենք, մենք պարտավոր ենք ցանկացած տարբերակ հաշվի առնել։
Կարո՞ղ է՝ վաղն ինչ-որ խնդիրներ առաջանան Արցախում, մենք ցանկանանք գնալ, ու այդ ստորաբաժանումն այլ հարցերով զբաղվի, այլ ոչ թե՝ իր զինվորներով։ Միշտ պարտավոր ենք ցանկացած տարբերակ ուսումնասիրել։ Այո, ես համաձայն եմ՝ Ռուսաստանը լուրջ երկիր է և միշտ շարժվում է իր շահերով»։